Եկել, ասում եք ազգային պարկն է մեղավոր, ամենամեծ մեղավորությունը ձերն է․ բնապահպանն առաջարկեց ցրել Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը Սևանա լճի ճահճացման, աղտոտման վիճակի համար որպես պատասխանատու է մատնանշում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին։

ԱԺ-ում «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով հրավիրած աշխատանքային քննարկմանը բնապահպան Սիլվա Ադամյանը հակադարձեց Ջավադյանին և նշեց, որ ավելի մեծ մեղքի բաժին ունեն հենց նրանք։

Ըստ նրա, տարիներ շարունակ բնապահպանները բարձրաձայնել են Սևանում առկա խնդիրները, մինչդեռ դրանց ուշադրություն չի դարձվել. «Խնդիրներից ամենամեծը եղել է այն, որ Դուք պետք է կարգավորեիք ջրբացթողումների քանակը, սակայն մեր բոլոր հորդորները տարիներ շարունակ Ձեր ու Ձեր հանձնաժողովի կողմից անտեսվել են: Ես առաջարկ ունեմ՝ ցրել այս հանձնաժողովը և հավաքել նոր հանձնաժողով, որովհետև այս հանձնաժողովը տարիներ շարունակ արել է ամեն ինչ, որպեսզի Սևանը հասնի էս վիճակին: Պարոն Ջավադյան, խոսքս մենակ Ձեզ ուղղված չէ, բոլոր անդամներին, որոնք տարիներ շարունակ ձայն չեն հանել, ասել են, որ ամեն ինչ լավ է, կառավարության բոլոր որոշումները ճիշտ են։ Եկել, ասում եք՝ ազգային պարկն է մեղավոր, էդպես չի: Ամենամեծ մեղավորությունը Ձեր է, Ձեր հանձնաժողովինը, դուք ոչինչ չեք անում», - ասաց նա:

Ի պատասխան՝ Ջավադյանը նկատեց, որ հանձնաժողովի անդամները գիտակ են ու մեծ աշխատանք են տանում․ «Մեր ամեն արձանագրություն երեք օրվա ընթացքում ուղարկում ենք կառավարություն: Սրանից հետո երեք օրվա ընթացքում կներկայացնենք ԱԺ-ին»: 

Ադամյանն արձագանքեց, թե տարիներ շարունակ տեսել է՝ ինչպես է աշխատում հանձնաժողովը։

Ջավադյանն էլ հակադարձեց․ «Տարիներ շարունակ ես Ձեզ չեմ տեսել»։

Քննարկման մասնակիցներից մեկն էլ արձագանքեց. «Սևանը տեսնեիք, մեզ ինչի՞ պետքա տեսնեիք»:

Այս թեմայով
am