Աշխատում են դինջ մտածելակերպով. Վարուժան Ավետիսյանն արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը շարունակում է պնդել իր այն հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը երկու տարվա կյանք ունի։ Այսօր՝ հուլիսի 17–ին լրագրողների հետ հանդիպմանը Ավետիսյանը նշեց, որ դա  քաղաքագիտական կանխատեսում է։

«Այսօր այդ մասին խոսում են բազմաթիվ քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, շուտով իշխանության մոտ կանգնած մարդկանցից ենք սկսելու նման կանխատեսումներ լսել։ Եթե այսպես շարունակվի՝ ուզենք, թե չուզենք, մենք կանգնելու ենք արտահերթ ընտրությունների խնդրի առաջ»,–հայտարարեց նա։

Ըստ Վարուժան Ավետիսյանի՝  հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է  որոշելու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։

Ավետիսյանի խոսքով՝ ներկայումս մեր երկիրը կանգնած է գոյության խնդիրներ լուծելու առաջ, սակայն այդ մարտահրավերները չեն լուծվում։

«Եթե մենք կարճ ժամանակահատվածում չմտնենք տնտեսական հեղափոխության հունի մեջ, մենք անդունդից այս կողմ կհայտնվենք ։ Աշխարհը շատ արագ տեմպերով է փոխվում և մենք ազգովի պետք է լուծում գտնենք և դուրս գանք այս ճգնաժամից»,–ասաց նա։

 Ավետիսյանի կարծիքով՝ իշխանափոխությունից հետո երկրում որևէ արմատական փոփոխություն չի կատարվել.

«Ինչպես տեսնում ենք, ԱԺ–ն արձակարուրդ գնաց, աշխատում են սովորական հունով, դինջ մտածելակերպով. այսպիսով մենք խորացնելու ենք ճգնաժամը»,–նկատեց նա։

Այս թեմայով
am