Որոշ մարդկանց դիլետանտական մեկնաբանությունները բերեցին նրան, որ ունեցանք Վենետիկի հանձնաժողովի այդ եզրակացությունը վեթինգի վերաբերյալ. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ի գերագույն դատարանի մոտից ֆեյսբուքյան ուղիղի եթերի միջոցով անդրադարձել է Հայաստանում ծավալված վերջին քննարկումներին՝ կապված Վենտիկի հանձնաժողովի վերջին եզրակացությունների հետ:

«Այս հրաշալի պատմական շատ կարևոր կառույցի մոտ որոշեցի մի քանի մտորումներ ներկայացնել՝ կապված Հայաստանում վերջին անիմաստ քննարկման վերաբերյալ: Խոսքը վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը, արձանագրությունից հետո եղած հարցուպատասխանին և քննարկումներին, երբ իրավաբանները բաժանվել են երկու մասի: Մի մասը ասում է՝ ո՞վ է Վենետիկի հանձնաժողովը, որ մեզ բան ասի, մյուս մասն ասում է, որ Վենետիկի հանձնաժողովը նման բան չի ասել: Իշխանամերձ էքսպերտներն էլ պնդում են, որ հանրապետականներն են այնպես արել, որ Վենետիկի հանձնաժողովը մեր դեմ խոսի»,- ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ երբ որոշակի գործողություններ են Հայաստանում տեղի ունեցել դատական իշխանության հետ կապված՝ օրինակ, դատարանների մուտքերի արգելափակում, այլ պրոցեսներ, իրենք դրա մասին բարձրաձայնել են և այն, ինչ չի համապատասխանել իրավունքի գերակայության չափանիշներին, ասել են, որ դա սխալ է: «Ուզում ասել՝ ոչ մի հանրապետական, ոչ մի կուսակցություն, որևէ մեկը ազդեցություն չունի Վենետիկի հանձնաժողովի և նմանատիպ կառույցների վրա՝ մենք սխալ ենք անում, հանձնաժողովն արձանագրում է այդ սխալը: Մենք այնպիսի բան ենք անում, որ մտահոգիչ է, կառույցն ասում է՝ մտահոգիչ է: Վերջին գործողությունները եղել են մտահոգիչ, հանձնաժողովն ասել է, որ այդ գործողությունները մտահոգիչ են»,- նշեց նա:

Անդրադառնալով վեթինգի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությանը, Մարուքյանն ասաց. «Ինչպե՞ս եղավ, որ նույն Վենետիկի հանձնաժողովը Ալբանիայում վեթինգն աջակցել է, (Ալբանիան վեթինգով է անցնում հիմա), իսկ Հայաստանի պարագայում ասում է՝ բոլոր դատավորների վեթինգը անթույլատրելի է: Էդ ինչպե՞ս եղավ»:

Ըստ Մարուքյանի՝ դա նրանից է, որ Հայաստանում ամեն մարդ իր գործով չի զբաղվում: Նա նշեց, որ վեթինգի հետ կապված այնպիսի մարդիկ էին մեկնաբանություններ տալիս, այնպիսի էքսպերտային լուրջ կարծիքներ հայտնում, որոնք ընդհանրապես իրավունքի հետ կապ չունեին: «Այդ մարդկանց տարատեսակ մեկնաբանությունները, դիլետանտական մոտեցումները բերեցին նրան, որ մենք ունեցանք այդ եզրակացությունը վեթինգի հետ կապված: Մինչդեռ վեթինգը հենց վարչապետի հայտարարած առաջնահերթությունն էր և պետք էր, որ իշխանություններն ամեն ինչ անեին, որ այդ նախագիծը պատրաստվեր, ներկայացվեր կամ եթե ասվեց, որ նախագծով չենք անում, առանձին մարմին չենք ստեղծում, ուրեմն դա վեթինգ չէր ի սկզբանե»,- ասաց նա:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի հետ կապված եզրակացությանը, Մարուքյանն ասաց, որ այդ իրավիճակի մասին էլ են իրենք խոսել: «Այն մտահոգությունները, որ մենք հայտնել ենք, նույն մտահոգությունները հայտնել է Վենետիկի հանձնաժողովը»:

Մարուքյանն ընդգծեց, որ նման հեղինակավոր կառույցները ազդեցությունից զերծ են: Մանրամասները՝ տեսանյութում:

 

Այս թեմայով
am