«Շիրակ» օդանավակայանը ռուս և վրացի ուղևորների համար դարձել է տարանցիկ

«Շիրակ» օդանավակայանը տարանցիկ է դարձել Մոսկվայից հայրենիք վերադարձող վրացիների և Վրաստան մեկնող ռուս զբոսաշրջիկների համար: Հիշեցնենք, որ հուլիսի 8-ից Ռուսաստանից Վրաստան բոլոր չվերթներն արգելված են, իսկ Հայաստանն ամենահարմար և կարճ ճանապարհն է վրացի և ռուս ուղևորների համար: Ռուսական չվերթների արգելումը Վրաստան ավելացրել է «Շիրակ» օդանավակայանի ծանրաբեռնվածությունը: Գյումրիում աշխատող առայժմ միակ ավիաընկերությունը՝ «Պոբեդան», ավելացրել է չվերթները: Ուղևորների հոսքի ավելացումը հանգեցրել է չվերթների ավելացման: Շաբաթական նախկին 7-ի փոխարեն այժմ Մոսկվայից Գյումրի իրականացվում է 10 չվերթ:

 

«Օդանավակայանն աշխատում էր օրական մեկ չվերթով՝ երեկոյան, ամեն օր՝ երկուշաբթիից կիրակի: Հիմա ամռան վերջին 2 ամիսներին՝ հուլիսին և օգոստոսին «Պոբեդան» ավելացրել է չվերթները՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Այսինքն՝ շաբաթական 3 չվերթ ավելացել է: Այս պահի դրությամբ՝ ստացվում է մոտավորապես 27 չվերթ ավելի, որ պիտի ամառվա ընթացքում անենք»,- Shantnews-ին ասել է «Շիրակ» օդանավակայանի ադմինիստրատոր Արմինե Աբրահամյանը:

Ամռանն ուղևորահոսքն ավելի շատ է: Զբոսաշրջիկներից ու արտագնա աշխատանքի մեկնող, վերադարձողներից բացի, Գյումրի գալիս են ավելացված չվերթներով Վրաստան ուղևորվող վրացիներն ու ռուսները: Ռուսաստանից Վրաստան չվերթներն արգելված են: Հայաստանի օդանավակայաններն էլ դիմավորում ու ճանապարհում են, այսպես ասենք, տարանցիկ ուղևորների: Վրաստանի սարերում հանգստանալու մեկնող աղջիկների խումբը Սանկտ Պետերբուրգից է հասել Գյումրի: Տարանցիկ չվերթը փոխել է նրանց ճամփորդության ուղղությունն ու հետաքրքրությունները:

Զբոսաշրջային հետաքրքրությունը չէ, որ Տոդո Սարջոլաձեին բերել էր Գյումրի: «Շիրակ» օդանավակայանում որդուն էր դիմավորում: Նա, ինչպես նաև Մոսկվայից Վրաստան ուղևորվող շատ վրացիներ ընտրում են հայաստանյան չվերթները:

«Ռուսաստանից Վրաստան ավիաչվերթներ չկան: Այդ արգելքը դժվարություններ է ստեղծել: Ռուսաստանից պետք է գանք Հայաստան կամ Թուրքիա, հետո նոր հասնենք Վրաստան: Ինձ ավելի հարմար էր Գյումրիի օդանավակայանը, քանի որ Բոլնիսում եմ ապրում: Այն Գյումրիին ավելի մոտ է»,- Shantnews-ին ասել է Բոլնիսի բնակիչ Տոդո Սարջոլաձեն:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով ուղևորվողները նաև Ջավախքի բնակիչներն են: Նոր չվերթների, ուղևորահոսքի ավելացումը նաև վերազինում է պահանջում: «Շիրակ» օդանավակայանը վերանորոգվել է, ընթացքի մեջ է վերազինման ծրագիրը, նոր տերմինալ է կառուցվում, որից հետո չվերթների սպասարկման օդանավակայանի հնարավորությունները կընդլայնվեն: Բացի «Պոբեդայից», այլ ավիաընկերությունների անուններ են նշվում, որոնք հնարավոր է «Շիրակ» օդանավակայանից այլ ուղղություններով չվերթներ իրականացնեն: Շրջանառվող ընկերությունների անվանացանկն առայժմ պաշտոնական ուժ չի ստացել:

 

Այս թեմայով
am