Սեյրան Օհանյանը ինչ-որ վերլուծություններ է արել ու չգիտես ինչու պահել սեյֆերում․ Անդրանիկ Քոչարյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին վերաբերող նյութերը մեր ուսումնասիրվելիք փաստաթղթերի մեջ կարող է լինել 40-րդը, որովհետեւ մինչեւ այդ փաստաթուղթը ուսումնասիրելու այնքան բաներ կան: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ նաեւ Արցախից կան փաստաթղթեր, որոնք ուսումնասիրել են:

Հարցին, թե եթե պարզվի, որ ՌԴ-ն ինչ-որ տեղեկացվածություն կամ ներգրավվածություն է ունեցել ապրիլյան պատերազմում, ի՞նչ են անելու, նա պատասխանեց. «Նման հանձնաժողովի նախագահն իրավունք չունի եթեներով խոսել: Խոսելու ենք միայն փաստերով: Հենա Սեյրան Օհանյանն էլ ինչ-որ վերլուծություն է արել ու չգիտես ինչու պահել ՊՆ-ի սեյֆերում: Ես կարծում եմ՝ վերլուծությունները պետք է խնդիր լուծեին մեր բանակի վիճակը բարելավելու, ուժեղացնելու:

Մեր հանձնաժողովի աշխատանքն ուղղված է լինելու մեր անվտանգության համակարգի առողջացմանը: Դա նշանակում է, որ եթե թերացումներ հայտնաբերենք, դրանց վերացման գործընթաց պետք է սկսվի»:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ այս պահի դրությամբ Սեյրան Օհանյանին լսելու անհրաժեշտություն դեռ չեն տեսնում. «Բայց մենք ունենք հարցեր, որ պետք է տանք Սեյրան Օհանյանին, որովհետեւ բաներ կա, որ ինքը պետք է պատասխանի: Բոլոր այն պատասխանատուները, որոնք իր ղեկավարման տակ կայացրել են որոշակի որոշումներ: Այստեղ միայն Սեյրան Օհանյանի խնդիրը չէ: Այնպես որ կենտրոնանալ միայն Սեյրան Օհանյանի կամ Սեյրան Օհանյանի նկարահանած կլիպներին... իմաստը ես տեսնում եմ, որ պետք է լինի պարզապես ապրիլյան դեպքերին»:

Հարցին, թե ազգային անվտանգության, պետականության շահերից ելնելով որոշ բաներ չե՞ն թաքցվի, Քոչարյանն արձագանքեց. «Պետության շահն ամենաբարձր շահն է եւ ամեն ինչ սպասարկվելու է այդ շահի դիտարկումով: Այս պահի դրությամբ ՊՆ-ն մեր հիմնական գործընկերն է, որի հետ աշխատում ենք: Բարդություններ ամեն տեղ կան, բայց դրանք աշխատանքային են եւ այն բարդությունները չեն, որոնց մասին պետք է բարձրաձայնել»:

Այս թեմայով
am