Ստամբուլյան կոնվենցիան Դամոկլյան սուր է մեր գլխին կախված. Կարինե Նալչաջյան

Ներընտանեկան բռնությունների թեման այսօր շատ ակտիվ քննարկվում է հասարակության տարբեր խավերում: Վերջերս հատկապես ակտուալ է դարձել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան» կամ Ստամբուլյան կոնվենցիան, որը տարբերի մասնագետների գնահատականներով թաքնված սպառնալիքներ է պարունակում ուղղված ընտանիքի ինստիտուտի դեմ: Թեև մեր երկիրը կոնվենցիան ստորագրել է մոտ մեկ տարի առաջ, բայց այն դեռ չի վավերացրել:

Քաղաքական, իրավական փորձագետների մտահոգիչ գնահատականներն ու վերլուծությունները համալրում է նաև հոգեբանը:

Դեռ 2003 թվականին է հոգեբան Կարինե Նալչաջյանն անդրադարձել կնոջ նկատմամբ ներընտանեկան բռնությունների խնդրին՝ իր «Ընտանեկան կյանքի փակ էջերը» գրքում:

«Այս խնդիրն առկա է բոլոր հասարակություններում և բոլոր ժամանակներում: Մեր ազգային մշակույթում ևս իր արտացոլումն է գտել. թե՛ Մխիթար Գոշի, թե՛ Սմբատ Գունդստաբլի «Դատաստանագրքերում» ևս այդ հարցին անդրադարձ կա», - ասում է հայտնի հոգեբանը՝ խոսելով վերջին շրջանում պարբերաբար արծարծվող ստամբուլյան կոնվենցիայի մեր հանրության համար ապազգային և վտանգավոր լինելու մասին:

Ըստ հոգեբանի՝ այստեղ նպատակները զուտ քաղաքական և աշխարհաքաղաքական են, իսկ կոնվենցիան շատ քիչ առնչություն ունի բռնությունների կանխարգելման հետ: Այս փաստաթղթում Կարինե Նալչաջյանը հասարակությունը կազմաքանդելու երեք թիրախ է տեսնում, որոնք քաոս առաջացնելու նպատակ ունեն: Առաջին թիրախն անհատն է: Երբ անհատի մոտ դեռ վաղ տարիքից աղավաղվում է սեռային՝ գենդերային ինքնությունը: Երկրորդ թիրախը ընտանիքն է, որը որպես ֆունկցիոնալ միավոր հիմնված է դերային վարքի վրա: Եթե խախտվում են դերերը ընտանեկան կառույցի ներսում քաոս է ստեղծվում: Հոգեբանի խոսքով՝ եթե անգամ լավագույն նպատակով էլ մտնեն ընտանիք, միջամտեն ներընտանեկան հարաբերություններին, ապա քաոս կառաջանա: Եթե որևէ արարք կամ վարքի դրսևորում մի մշակույթում կարող է բռնություն դիտվել, ապա մեկ այլ դեպքում այդպես չէ:

«Հայաստանը առնական տղամարդկանց և կանացի կանանց երկիր է, մեր հասարակությունում այս դերերը հստակ են բաշխված», -ասում է հոգեբանը, ով այս կոնվենցիայում նաև հանցանքի մղող տարրեր է տեսնում. «Պատկերացրեք, որ հայկական սովորական ընտանիքում ծնողների վեճի, տարաձայնության դեպքում կարող են միջամտել ներընտանեկան կյանքին՝ տանելով երեխային ընտանիքից «քանի որ նրա համար անընդունելի պայմաններ են»: Մինչդեռ ծնողները կարող են այս իրադրությունում աֆեկտի մեջ ընկնել: Ինչն էլ հանցանքի կմղի ծնողին՝ դրդելով բռնություն կիրառել իր երեխային տանողի նկատմամբ: Այսինքն, այս քաոսն էլ ինքնին հանգեցնում է երրորդ թիրախին՝ հասարակության ճգնաժամին: Սրանցից յուրաքանչյուրը՝ և՛ անձի կառուցվածքում, և՛ ընտանիքում առանձին ճգնաժամ է: Իսկ սա էլ իր հերթին հասարակություն մուտք գործելով առաջացնում է մակրոճգնաժամ՝ բերելով համակարգային ճգնաժամի, որից դուրս գալը հարցականի տակ է»:

Հոգեբանի խոսքով՝ հայտնի կոնվենցիան գենդերից և սեռազգացողություններից հասցնում է մինչև ազգ, պետություն կորցնելու վտանգի: Նալչաջյանը խոստացավ առավել հանգամանորեն ուսումնասիրել կոնվենցիայի քողարկված վտանգները, հրապարակել և իրազեկել մեր ազգաբնակչությանը «դամոկլյան սրի նման կախված վտանգի մասին», միաժամանակ կոչ արեց բոլոր գիտակից քաղաքացիներին պայքարել այս ազգակործան ծրագրի դեմ:

Ռուզաննա Ղազարյան

Այս թեմայով
am