Հայաստանում բոլորը սիրում են ֆուտբոլ և ուրախ են մրցաշարի անցկացման համար. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Երևանում մեկնարկելիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հետ կապված հարցազրույց է տվել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին:

«Եվրո-2019»-ի դեսպանը պատմել է երիտասարդ տարիների մասին և խորհուրդներ տվել մրցաշարի մասնակից ֆուտբոլիստներին:

– Ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ երիտասարդական հավաքականում առաջին անգամ կրեցիր Հայաստանի հավաքականի մարզաշապիկը:

– Հպարտություն զգացի: Ինձ համար միշտ յուրահատուկ հաճույք է եղել խաղալ հավաքականում, քանի որ մրցելու էինք տարբեր ազգային թիմերի ու ֆուտբոլիստների հետ: Դա մեզ համար լավ փորձ էր այդ տարիքում, քանի որ մենք ամեն շաբաթ նման խաղեր չէինք անցկացնում մեր առաջնությունում:

– Կպատմե՞ս Մ 19 տարեկանների հավաքականում խաղալու փորձի մասին: Ի՞նչ են սովորում ֆուտբոլիստներն այդ մակարդակում:

– Դու մրցում ես ավելի ուժեղ հակառակորդների դեմ, քան տեղի առաջնությունում: Այդ ընթացքում ես հասկացա, որ ֆուտբոլը ավելի արագ է, ավելի տեմպով, և որ  դու պետք է կարողանաս արագ որոշումներ կայացնես, քանի որ ավելի քիչ ժամանակ ունես մտածելու համար: Դա թույլ է տալիս քեզ հասականալ քո մակարդակը և ինչ պետք է բարելավես:

– Ո՞վ էր քո սիրելի ֆուտբոլիստը:

– Զինեդին Զիդանը իմ սիրելի ֆուտբոլիստն էր: Նա Պիկասոն էր դաշտում, գնդակի հետ հիանալի էր վարվում ու դաշտում հրաշքներ էր գործում:

– Դու այժմ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ես: Կա՞ մի պահ, որով ամենաշատն ես հպարտանում քո միջազգային կարիերայում:

– Ես չեմ սիրում գովել ինձ: Ինչ անում եմ, հաճույքով եմ անում: Կարիերաս ավարտելուց հետո կսկսեմ մտածել այն բաների մասին, որոնցով կարող եմ հպարտանալ: Իմ անցած ճանապարհի, այն, թե ինչպիսին եմ եղել ես, ինչ նվաճումների եմ հասել ու որտեղ եմ հիմա այն է, ինչով ես հպարտանում եմ:

– Որքանո՞վ է կարևոր «Եվրո-2019»-ի անցկացումը Հայաստանի համար:

– Հայաստանում բոլորը սիրում են ֆուտբոլ, և կարծում եմ՝ մարդիկ ուրախ են մրցաշարի անցկացման համար, քանի որ սա լավ հնարավորություն է հետևել եվրոպական ֆուտբոլի ապագա աստղերին:

– Ի՞նչ խորհուրդ կտաս մրցաշարին մասնակցող ֆուտբոլիստներին:

– Իմ խորհուրդն այն է, որ հաճույք ստանան և վայելեն ամեն վայրկյանը, որովհետև այսպիսի խաղերն ու մրցաշարերը մեկ անգամ են լինում կյանքում: Բոլորին հաջողություն եմ մաղթում:

Այս թեմայով
am