Երկու վարկած կա. մեկն արտաքին, մյուսը՝ ներքին. փոխնախարարը՝ էներգետիկ համակարգի վթարի մասին

Բոլոր խոշոր կայանների ու ենթակայանների կրիչներից բոլոր տվյալները ստացված են, վերլուծական փուլում են գտնվում. վերլուծությունից հետո երբ պարզ դառնա, թե որ հատվածից է վթարը սկսվել, պատճառների վերաբերյալ հնարավոր կլինի որեւէ բան ասել: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարին:

Նրա խոսքով, այս պահին երկու վարկած կա. մեկը, որ հնարավոր է հաճախականության տատանումը եկած լինի Իրանից, մյուսը, որ մեր ներքին խնդիրների, տեխնոլոգիական խնդիր առաջացած լինի երկու կայաններում (Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ եւ Երեւանի ՋԷԿ):

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ներքին պատճառը բացառվում է, երկու վարկած կա, երկուսն էլ արտաքին են, Հակոբ Վարդանյանն ասաց. «Վարչապետի հայտարարությունից հետո ուսումնասիրման դինամիկան փոխվել է: Վարչապետին զեկուցվել է այդ պահին առկա վարկածները, սակայն մենք հիմա չենք բացառում, որ վթարը եղել է ներքին տեխնոլոգիական խնդրի պատճառով «Երեւան ՋԷԿ»-ում կան «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկում: 

Երբ ամբողջական պատկերը պարզ լինի, ես ավելի հստակ կասեմ: Հիմա ճիշտ չի կտրված բաներ ասել, որոնք միգուցե հետո հերքվեն: Չեմ կարող ասել, թե որն է ավելի հավանական տարբերակ: Մենք մեր իրանցի գործընկերներից հենց առաջին րոպեներից տեղեկություն ենք ստացել, որ իրենք ունեցել են վթար, հետո իրենցից ստացել ենք տեղեկություն, որ վթարը լոկալ է եղել եւ չի հասել մեզ: Մեր տեսչական մարմինները պետք է զբաղվեն այս հետաքննությամբ եւ զբաղվում են»:

Փոխնախարարի խոսքով, մոտ մեկ ամսվա ընթացքում կլինի պատասխանը. «Միգուցե հնարավոր է երկարի, չեմ կարող ասել, որովհետեւ բազմաթիվ տվյալներ են ճշտվում: Հաճախականության տատանումները մոտ 35-40 րոպե են տեւել: Պետք է ստուգվեն բոլոր կրիչները, որոնք բազմաթիվ են: Մենք համագործակցում ենք բոլոր իրավապահ մարմինների հետ եւ տրամադրում ենք այն տեղեկությունները, որ ունենք»:

Հարցին, թե էներգետիկ ցանցի ապահովվածությունը հաքերային հարձակումներից ինչ մակարդակի վրա է, նա արձագանքեց. «Բարձր մակարդակի վրա է, բայց ամբողջ աշխարհում ամենահուսալի բանն էլ հնարավոր է խափանել, որովհետեւ ստեղծված է մարդու կողմից, մարդն էլ կարող է խափանել: Այսօր գործող լավագույն համակարգն է Հայաստանում ներդրված, չկա աշխարհում ամենալավը»:

Այս թեմայով
am