Կոնգրեսն արգելեց Ադրբեջանին վաճառել Արցախի քաղաքացիական ինքնաթիռներին սպառնացող զենքեր. տեսանյութ

Կալիֆորնիացի պատգամավոր Բրեդ Շերմանի նախաձեռնությամբ Միացյալ Նահանգների կոնգրեսն ընդունեց բանաձևը, որով Նահանգների իշխանությանն արգելվում է Ադրբեջանին վաճառել այնպիսի զինատեսակներ, որոնք կարող են սպառնալ Ստեփանակերտի օդանավակայան ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությանը։

Կոնգրեսում իր ելույթում Շերմանը նախ մի քանի դեպք նշեց, երբ աշխարհի տարբեր ծայրերում զինվորականները խոցել են քաղաքացիական ինքնաթիռներ, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Ապա կոնգրեսականը հիշեցրեց, որ Ադրբեջանի իշխանությունները խոստացել են խոցել ցանկացած ինքնաթիռ, որ կփորձի իջնել Ստեփանակերտի օդանավակայանում։

Շերմանն ասաց, որ երկար տարիներ հետևելով հակամարտությանը՝ կարող է ասել, որ պետք է ընդհանրապես արգելել Ադրբեջանին զենքի վաճառքը։ Բայց եթե նույնիսկ այլ կոնգրեսականներ տարբերվող կարծիքներ ունեն հակամարտության վերաբերյալ, ապա ըստ Շերմանի՝ առնվազն պետք է քվեարկել նրա օգտին, որ Ադրբեջանին չտրվեն զենքեր, որոնք սպառնում են քաղաքացիական օդանավերի անվտանգությանը։

Նահանգների կոնգրեսն այս բանաձևն ընդունեց 234 կողմ, 195 դեմ ձայներով։ ԱՄՆ հայ դատի հանձնախումբն արդեն ողջունել է այս քայլը։

 

Այս թեմայով
am