Պարբերաբար չարամիտ խախտումներ թույլ տվող վարորդները պետք է հեռացվեն երթևեկությունից. Փաշինյան

ՀՀ ոստիկանությունը մշակել է օրենքի նոր նախագիծ, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարներին:

«Այսինքն այն վարորդները, որոնք պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս, նրանք պետք է երթևեկությունից ընդհանրապես հեռացվեն: Նախագիծն ԱԺ-ում է, և կարծում եմ՝ ԱԺ-ի հետ պետք է քննարկենք, թե ինչ ժամկետներում կարող ենք նախագիծը հնարավորինս շուտ ընդունել: Այս հարցով կառավարությունը և ոստիկանությունը պետք է սերտորեն համագործակցեն ՀԿ-ների հետ:

Մեկ անգամ այդ թեմայով խոսակցություն ունեցել ենք իմ ֆեյսբուքյան եթերներից մեկի ժամանակ: Հնարավորություն պետք է ընձեռեինք՝ համապատասխան ծրագրային ապահովմամբ, որպեսզի քաղաքացիները ևս երթևեկության կոպիտ խախտումներն արձանագրելու ու ոստիկանություն ուղարկելու հնարավորություն ունենան: Ես տեղյակ եմ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ՀԿ-ների ներկայացուցիչների հետ արդեն սկսել են այդ աշխատանքը: Պետք է հստակ արձանագրել, որ քաղաքական կամքը եւ որոշումը կա, խնդիրը այդ որոշման տեխնիկական մասը ապահովելն է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այժմ հատկապես պետք է ճանապարհային երթևեկության նկատմամբ լինի կրկնակի ու եռակի ավելի մեծ վերահսկողություն: «Հասկանալի է, որ այսօր ՀՀ-ում և հատկապես 2018-2019 թվականներին մեքենաների աննախադեպ աճ է արձանագրվել: Մեծ ծավալով ներկրումները շարունակվում են, որն իր  հերթին բերում է մարտահրավերներ: Այդ մարտահրավերներին արձագանքը պետք է լինի հետևյալը, որ ոստիկանությունն ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդտեղ ոչ մի հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, որովհետև խոսքը մարդկանց, մեր երեխաների անվտանգության մասին է»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց, թե  ի՞նչ միջոցներ են նախատեսում ձեռնարկել, ինչին Օսիպյանը պատասխանեց. «2011 թվականին Արցախի փողոցում նմանատիպ վթարից 4 զոհ ունեցանք, երբ վթարի հետևանքով հրդեհ էր բռնկվել: 2014 թվականին Հոռոմի խաչմերուկի վրա 7 զոհ ունեցանք նույնատիպ վթարի հետևանքով: Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր դեպքով, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերով, վթարներով մենք ուսումնասիրություններ ենք անցկացնում: Մենք ֆիզիկապես չենք կարող այն հատվածներում, որտեղ զոհեր ենք ունենում, կոնկրետ վերակարգեր ունենալ:

Վերջին վթարը Զոդի կամուրջի վրա է տեղի ունեցել, որտեղ չի թույլատրվում կայանել կամ վազանց անել: Ես չեմ բացառում, որ մեր գործառույթների մեջ կան թերացումներ: Բայց ուզում եմ մի փոքր տվյալներ բերել: Վթարները վերջին 10 տարիներին են աճել և միտում ունեն աճելու: Դրա հետ մեկտեղ աճում է զոհերի ու վիրավորների թիվը: Օրինակ, 2018 թվականի ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է 1861 ավտովթար, 150 զոհ, 2736 վիրավոր: 2019-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 2203 ՃՏՊ, այսինքն 243 դեպքով ավելի, եւ զոհերի թիվն է աճել 19-ով, իսկ վիրավորների թիվն աճել է 476-ով»,- ասաց ոստիկանապետը:

Վարչապետ  Փաշինյանն ընդգծեց ճանապարհային երթևեկության բալային համակարգի կարևորությունը, որ կարող է փոխել իրավիճակը: «Տուգանելու քաղաքականությունը ոչ մի էֆեկտի չի բերում, եթե բերում է, միայն տեղային էֆեկտի»,- նկատեց վարչապետը:

Այս թեմայով
am