Հայկական կողմը հետաքրքրված է բելառուսական նորագույն մեքենասարքավորումներով. Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս աշխատանքային այցի շրջանակներում Բելառուսում ՀՀ դեսպան  Արմեն Ղեւոնդյանի ուղեկցությամբ այցելել է Մինսկի տրակտորների գործարան, ծանոթացել գործարանի արտադրական հնարավորություններին եւ տրակտորների հավաքման գործընթացին։

Նախարարությունից հայտնում են, որ ընկերության մարքեթինգային տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կազակեւիչի հետ հանդիպման ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ բելառուսական տրակտորները մեծ պահանջարկ ունեն Հայաստանում եւ ինչպես գյուղատնտեսության մեջ, այնպես էլ լայնածավալ ճանապարհաշինական, շինարարական աշխատանքներում,   մեքենասարքավորումների արդիականացման անհրաժեշտություն կա։ Այս համատեքստում հայկական կողմը հետաքրքրված է բելառուսական  տրակտորների վերջին մոդելների ներկրմամբ։

Ալեքսանդր Կազակեւվիչը նախարարին հայտնել է, որ բելառուսական տրակտորների մատակարարումը Հայաստան իրականացվում է 1992 թ. ի վեր։ Մինչ օրս ներկրվել է 1000 տրակտոր, որից միայն 104-ը՝ 2018 թ. իսկ 2019թ.  նախատեսվում է մատակարարել 115 միավոր տրակտոր։ Կազակեւիչի խոսքերով՝  բելառուսական ընկերությունը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ եւ դիտարկել մեքենասարքավորումների արտահանման ծավալները մեծացնելու հեռանկարը։

Հանդիպմանը քննարկվել են  նաեւ Հայաստանում բելառուսական տրակտորների հավաքման արտադրություն ստեղծելու եւ դրանք Հայաստանի տարածքից Մերձավոր Արեւելքի երկրներ արտահանելու հնարավորությունը։

Այցի ընթացքում նախարարը եւ դեսպանը եղել են նաեւ   Մինսկի տրակտորների գործարանի թանգարանում, ծանոթացել բելառուսական տրակտորների ստեղծման պատմությանը եւ մատակարարումների աշխարհագրությանը։

Այս թեմայով
am