Դաշնակցությունը թեկնածու կառաջադրի Արցախի նախագահի ընտրություններում

Դաշնակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններում, իսկ հատուկ նիստ է հրավիրելու՝ նախագահի թեկնածու առաջադրելու համար։

ՀՅԴ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«ՀՅԴ Արցախի կազմակերպության բարձրագույն ժողովը, քննելով և վերլուծելով Արցախում տիրող կացությունը և առաջիկա ՏԻՄ, նախագահական և խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության դիրքորոշումները, արձանգրելով, որ որոշ քաղաքական ուժերի և առանձին գործիչների կողմից վաղաժամկետ սկսած նախագահական ընտրությունների նախապատրաստման գործընթացը և սահմանադրական իրավակարգավորումներին հակասող փաստացի քարոզարշավը հասարակության ծայրաստիճան բևեռացման պատճառ է դարձել, ինչին նպաստել է նաև իշխանության կողմից երկրում արմատական բարեփոխումների գործընթացի անհետևողականությունը.

Հաշվի առնելով, որ.

  • Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ հարաբերություններում առաջացած մտահոգիչ լարվածությունը,
  • Բանակցային գործընթացում առկա մարտահրավերներն ու վտանգները և այդ առումով Արցախի սուբյեկտայնության բարձրացման հրամայականը,
  • Արցախի հիմնախնդրի համահայկական նշանակությունը հայ ժողովրդի պահանջատիրության և նպատակների իրականացման գործում,

Հաստատում է, որ՝

  • Նոր սահմանադրական կարգով իրականացվող առաջին համապետական ընտրությունները վճռորոշ դեր են ունենալու Արցախի Հանրապետության ներքին կյանքում և արտաքին հարաբերություններում,
  • Ընտրությունները պետք է մեկ անգամ ևս վերահաստատեն էլ ավելի հզորացված, ավելի ժողովրդավարական և սոցիալական պետություն կառուցելու ժողովրդի կամքը,
  • Քաղաքական որևէ գործընթաց չպետք է խաթարի ժողովրդի միասնականությունը:

ՀՅԴ Արցախի կազմակերպության Շրջանային ժողովը համոզված է, որ Արցախի առաջընթացի երաշխիքը ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում ազգային օրակարգով առաջնորդվող իշխանության ձևավորումն է:

Այդպիսի օրակարգով առաջնորդվող իշխանության պետական ուղեգիծը պետք է հիմնված լինի «Զարգանալ՝ չզիջելով» գաղափարի վրա, ապահովելով.

  • Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության վերականգնումը,
  • Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի՝ իրավապայմանագրային հիմքի վրա ամրապնդումը,
  • Սոցիալական արդարության, մարդու իրավունքների պահպանության և օրենքի գերակայության վրա հիմնված ներազգային համերաշխության ապահովումը,
  • Զսպումների և հակակշիռների մեխանիզմների ներդրմամբ պետական համակարգի հավասարակշռման, անմիջական ժողովրդավարության ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված՝ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը,
  • Վերաբնակեցման համակարգված, լայնածավալ ու հետևողական իրականացումը:

Քննելով առաջիկա համապետական ընտրությունների հարցը՝ ՀՅԴ Արցախի կազմակերպության բարձրագույն ժողովը որոշեց.

  • Մասնակցել ԱՀ նախագահական և խորհրդարանական ընտրություններին,
  • Հանձնարարել նորընտիր Կենտրոնական կոմիտեին՝ բազմակողմանի բանակցություններ սկսել ազգային միասնական օրակարգի հիման վրա նախագահի համաձայնեցված թեկնածու առաջադրելու շուրջ,
  • Բանակցությունների արդյունքների հիման վրա աշնանը հրավիրել Արտակարգ ժողով՝ ՀՅ Դաշնակցության կողմից ԱՀ նախագահի թեկնածու առաջադրելու օրակարգով»:

 

Այս թեմայով
am