Զոդի կամրջի մոտ վթարից տուժած 20-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Մանրամասներ վիրավորների վիճակից

Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն տեղափոխված Ծաղիկ Համբարձումյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, իսկ Ռուզաննա Հակոբյանի եւ Գագիկ Ղուկասյանի վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը:

Նա նշել է, որ Գագիկ Ղուկասյանի մոտ բացի օրգանական շոկից, առկա է նաեւ հոգեբանական շոկ, քանի որ կինը նրա աչքի առաջ է մահացել:

Երեւանի «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Վայք քաղաքի 46–ամյա բնակչի վիճակը կայուն է։ NEWS.am–ին «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հայտնել է, որ տուժած կինը, որը պոլիտրավմաներ ունի, դեռևս գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, սակայն տնօրենի հավաստմամբ՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից էլ հայտնել են, որ վթարի հետևանքով տուժած և տեղափոխված 13-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում, նա դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Զոդի կամրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

Ըստ նախնական տվյալների՝ կա 13 տուժած: Պատահարի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

Այս թեմայով
am