Վահան Տերյանի հայրական տունը Վրաստանը վերանորոգում է

Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում վերանորոգվում է հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի տուն-թանգարանը: Վերանորոգման աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել է 8 471 լարի գումար: Վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև հուլիսի 21-ը:

Վահան Տերյանի հայրական տունը 1957 թ.-ից վերածվել է տուն-թանգարանի, իսկ ներկայումս այն գտնվում է անմխիթար վիճակում: Սկսած 1967 թ.-ից Գանձա գյուղում ամեն տարի անցկացվում է բանաստեղծի պոեզիային նվիրված տոնակատարություն:

Analitik.am-ի հետ զրույցում Վահան Տերյանի թոռը՝ Գրիգոր Էմին-Տերյանը նշեց, որ տեղյակ չէր, որ տունը վերանորոգվում է, սակայն շատ ուրախ է, քանի որ Տերյանի հայրական տունն իրոք անմխիթար վիճակում էր:

Նա նաև նշեց, որ տարիներ առաջ, երբ Գագիկ Ծառուկյանը վերանորոգել էր գյուղի եկեղեցին, ինքը դիմել էր, որպեսզի Տերյանի հայրական տան վերանորոգման համար ֆինանս տրամադրի, խոստացել էր, սակայն խոստումը իրականություն չէր դարձել:

«Տերյանը ոչ մի բան չի ունեցել. ոչ կահույք, ոչ տուն, ոչ փող, եղած փողը ծախսել է գրքերի վրա. նա գրել է կարմիր չինական տուշով և գեղեցիկ հագնվել է: Տերյանի հայրական տունն է նրա մի հիշատակը, սակայն այն էլ վատ վիճակում էր, գերանները պետք էր փոխել, հետևի պատը խոնավ է, քանի որ հարևանը ոռոգում էր այգին, իսկ ջուրը ներծծվում էր Տերյանի հայրական տան պետից ներս»,-ասաց նա:

Գրիգոր Էմին-Տերյանը նաև հիշեց, որ խորհրդային տարիներին Ջավախքում շրջկոմի քարտուղար կար, որը ցանկանում էր Տերյանի տունը քանդել, քանի որ այն մեծ էր պահպանելու համար և մի սենյակ թողնել և վերանորոգել, մայրը՝ Անահիտ Տերյանը Լեոնիդ Բրեժնևին նամակ է գրում, և Տերյանի հայրական տան քանդումը կասեցվում է, հրահանգ էր նաև եղել տունը վերանորոգել, սակայն չէին վերանորոգել, միայն տանիքն էին փոխել, և հարևանությամբ շենք կառուցել որպես ցուցասրահ և այժմ այնտեղ Վահան Տերյանից մնացած մասունքներն են ցուցադրում, սակայն դա Տերյանի հայրական տունը չի:

«Մայրս ասում էր որ այդ շրջկոմի քարտուղարն ինքն իր համար է թանգարանը կառուցել. Տերյանի հայրական տան վերանորոգումը նման պատմություն ունի»,- ասաց նա՝ հավելելով, որ Գանձա գյուղի եկեղեցին Տերյանի տերտեր պապն է սկսել կառուցել, որն ավարտել է Տերյանի դարձյալ տերտեր՝ հայրը:

Նշենք, որ Վահան Տերյանի ուստրը՝ Նվարդ Տերյանը բազմիցս է դիմել նաև հայ ղեկավարներին, թե ինչու Տերյանի հայրական տունը չի վերանորոգվում, որին ի պատասխան հայտնել են, որ վրացական կողմը գումար չի տրամադրում: Սակայն ավելի ուշ, երբ Նվարդ Տերյանը դիմում է արդեն վրացական իշխանություններին, պարզվում է, որ 3 անգամ գումար է տրամադրվել, շուրջ 80 000 ռուբլի, սակայն շրջանի ղեկավարն այդ գումարները հետ է վերադարձրել:

Ժամանակին Նվարդ Տերյանը դիմում է ճարտարապետ Հովհաննես Հակոբյանին, ով չափագրում և գծագրում է տունը, սակայն շրջկոմի քարտուղարը դարձյալ հրաժարվում է տունը վերանորոգելուց՝ միջոցներ չունենալու պատճառաբանությամբ:

Ի դեպ նշենք, որ շրջկոմի քարտուղարը հայ էր և հենց Գանձա գյուղից և նույնպես տերտերների ընտանիքից:

Տերյանների շառավիղները ենթադրում են, որ մարդկային պարզ նախանձն է խանգարել շրջկոմի քարտուղարին Տերյանի հայրական տունը ժամանակին վերանորոգել:

Գոհար Ստեփանյան

Այս թեմայով
am