Ինչ պետք է անել, եթե օձը խայթել է

Այս տարի Հայաստանում արձանագրվել է օձի խայթոցից թունավորման 53 դեպք, որից 9-ը Երևանում, 44-ը՝ մարզերում։ Առաջին դեպքն արձանագրվել է մարտի 22-ին մայրաքաղաքում։ Օձի խայթոցից թունավորվածների 81.1%-ը տղամարդիկ են, իսկ դեպքերի 17%-ը արձանագրվել է մանկական ազգաբնակչության շրջանում:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է օձի խայթոցից թունավորման 39 դեպք, որից 10-ը Երևանում, 29-ը՝ մարզերում։ Առաջին դեպքն արձանագրվել է մարտի 5-ին:

Օձերի խայթոցից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս՝

զբոսնելիս խուսափել բարձր խոտերից, հագնել երկար, ազատ տաբատ, երկարաթև շապիկ և տաբատի փողքերը դնել գուլպայի կամ կոշիկների մեջ,

հագնել երկարաճիտ և ամուր կոշիկներ,

օձ պատահելիս չտրորել, չանհանգստացնել, լինել ուշադիր և հետ վերադառնալ նույն ճանապարհով,

հաշվի առնելով, որ օձերը լսում են հողի ցնցումները և տատանումները, այնտեղ, որտեղ կա օձերի առկայության հավանականություն՝ վերցնել ծանր փայտ և հարվածել հողին:

Եթե օձը հասցրել է խայթել, ապա անհրաժեշտ է՝

սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ և տարածվել,

եթե օձը խայթել է վերջույթը, ապա անշարժացնել այն,

տուժածին խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ և այլն),

ահազանգել կամ կազմակերպել տուժածի պասիվ (պատգարակով կամ աթոռի վրա նստած) արագ տեղափոխումը մոտակա հիվան­դանոց, որտեղ նրան արդեն մասնագիտական օգնություն կցուցաբերեն և հակաթույն կներարկեն։ Ցանկալի է, որպեսզի հակաթույնի առաջին դեղաչափը հիվանդը ստանա գոնե 6 ժամվա ընթացքում։

Օձի խայթոցի դեպքում արգելվում է.

խայթած վերջույթին՝ վերքից վերև, լարան կամ ժգուտ դնել,

խայթոցի տեղում կտրվածք անել, սառույց դնել կամ այրել,

տուժածին ալկոհոլ առաջարկել, տալ ուժեղ ազդող դեղեր, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել նրա օբյեկտիվ վիճակը:

Ի դեպ, Հայաստանում հանդիպող թունավոր օձերից են տափաստանային  իժը, դարևսկու իժը, փոքրասիական իժը և անդրկովկասյան գյուրզան։

Օձի խայթոցից հետո աստիճանաբար ի հայտ են գալիս հետևյալ նշանները՝ խայթոցի տեղում ցավ և այրոց, կարմրություն, մաշկի գույնի փոփոխություն, այտուց, որը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով: Տուժածը զգում է սաստիկ թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, արյունահոսություն բերանից, քթից և հետանցքից, տեսողության և խոսքի խանգարումներ, վերջույթների մկանների թուլություն կամ զգայունության կորուստ, շնչառության խանգարումներ։ Օձերի խայթոցի դեպքում տուժածի վիճակի ծանրության աստիճանը կախված է տարբեր գործոններից՝ օձի տեսակից, չափից, անձի տարիքից, օձի թույնի քանակից, տարվա եղանակից, ինչպես նաև խայթոցի տեղակայումից։

Այս թեմայով
am