ՌԴ-ն գիշերվա «թույլտվությունից» հետո ԵԽԽՎ-ում աշխատելու հայտ է ներկայացրել

Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը գիշերն ընդունված բանաձևի շնորհիվ հնգամյա դադարից հետո կարող է հունիսի 25-ին լիարժեք աշխատանքի վերադառնալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, հայտնում է tass.ru-ն:

ria.ru-ն հավելում է, որ ՌԴ-ն արդեն հայտ է ներկայացրել ԵԽԽՎ շրջանակում աշխատելու վերաբերյալ և պատրաստ է մտնել նիստերի դահլիճ:

Երեկ ուշ երեկոյան ԵԽԽՎ-ում քվեարկության արդյունքում ընդունվել է բանաձև, որը վերաբերում է պատժամիջոցների մեխանիզմին և ենթադրում է առանց ձայնի իրավունքի սահմանափակման ՌԴ պատվիրակության վերադարձը ԵԽԽՎ: Բանաձևն ընդունվել է ձայների 118 կողմ, 62 դեմ հարաբերակցությամբ:

Ինչպես հաղորդում է rbc.ua-ն, ՌԴ պատվիրակության ամբողջական կազմով վերադարձին Հայաստանը մասամբ է կողմ քվեարկել: Ադրբեջանն ու Թուրքիան կողմ են քվեարկել ամբողջ բանաձևին: Դեմ քվեարկածների շարքում են Վրաստանն ու Ուկրաինան:

Ուկրաինայի արտգործնախարարությունը, մեկնաբանելով բանաձևի ընդունումը, նշել է, որ վերականգնելով ՌԴ պատգամավորների իրավունքները ԵԽԽՎ-ում՝ կառույցն իրեն հեղինակազրկեց:

Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության կարծիքով՝ բանաձևն ընդունվել է «Մոսկվայի կողմից աննախադեպ ճնշման և ֆինանսական շանտաժի արդյունքում»:

Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլին Դոնբասում տեղի ունեցած դեպքերի, ինչպես նաև Ղրիմ թերակղզու՝ ՌԴ կազմում ներառվելու պատճառով ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը զրկվել էր քվեարկելու, դիտորդական առաքելություններին մասնակցելու, ինչպես նաև կառույցի ղեկավար մարմինների կազմում ներառվելու իրավունքներից: Դրան ի պատասխան՝ ՌԴ պատվիրակությունը հայտարարել էր, որ հրաժարվում է աշխատել նման պայմաններում:

Այս թեմայով
am