Միլիարդավոր դրամների հասնող անհամապատասխանություններ, առերևույթ հանցագործության կասկածներ․ Հաշվեքննիչ պալատի 2018 թ-ի հաշվետվությունը

Արձանագրվել են միլիարդավոր դրամների հասնող անհամապատասխանություններ, կան բազմաթիվ խեղաթյուրման փաստեր․ ԱԺ-ում ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդմանը հայտարարեց պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

Ըստ նրա՝ պալատը, ընդհանուր առմամբ, ներկայացրել է 359 տարաբնույթ առաջարկություն, որոնք կարող են բարելավել պետական մարմինների գործունեությունը:

Ըստ Յոլյանի՝ ընդհանուր հաստատված 25 հաշվեքննությունից ավարտված է 19-ը, 2-ը կասեցված է, իսկ 4-ի մասով հաշվեքննության աշխատանքները շարունակվում են. դրանք վերաբերում են ՊՆ-ին, ՀՀ Համահայկական հիմնադրամին, Հայ-ռուսական համալսարանին և դեղերի շրջանառության պետական կարգավորմանն ուղղված ֆինանսատնտեսական հաշվետվություններին: 

«Բոլոր ուղղություններով կազմվել է հաշվետվության 108 արձանագրություն, որից 14-ը գաղտնի»,-ասաց նա և նշեց, որ դրանք ամբողջությամբ, համաձայն ՀՊ մասին օրենքի, ներկայացվել են հաշվեքննության օբյեկտների ղեկավարներին, որոնք էլ իրենց հերթին ներկայացրել են առարկություններ:

«Հաշվեքննության ընթացքում եղել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող կասկածներ և դրանց մասով 5 առանձին ուղղություններով նյութեր ուղարկվել են գլխավոր դատախազություն»,-ասաց նա։

ՀՀ  Հաշվեքննիչ պալատի նախագահը նշեց, որ ասելիքը շատ է և նյութերից մի քանիսի օրինակով ներկայացրեց առավել ուշագրավ փաստերը:

Նա անդրադարձավ Քաղաքացիական ավիացիայի մասին բացահայտումներին և ասաց, որ յուրաքանչյուր տարի պետական բյուջեից «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին միջոցներ է հատկացվում ուսանող օդաչուների ուսումնավարժանքային թռիչքների իրականացման համար. ընկերությունը վարձակալել է «DIAMOND 40» տիպի օդանավ:

Լևոն Յոլյանը նշեց, որ 2013-ից սկսած այդ օդանավի վարձակալության համար պետական ընկերությունը վճարել է 600 մլն դրամ, իսկ մինչև այդ օդանավը ընկերության կողմից ներմուծվել է 2013-ին՝ 86,2 մլն դրամ արժեքով: «Ստացվում է այս տարիների ընթացում վարձավճարը 7 անգամ շատ է, քան օդանավի արժեքը»,-ասաց նա:

Սոցապահովության մասով ասաց, որ տեղեկատվական բազաների՝ սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի, բնակչության պետական ռեգիստրի և այլ շտեմարանների տվյալների համադրումը վկայում է, որ կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացում առկա են խոշոր չափերի ռիսկեր՝ ավելի քան 15 մլրդ դրամի:

Նա հստակեցրեց, որ երկրից 12 ամիս բացակայող աշխատանքային կենսաթոշակ ստացող շահառուներին անկանխիկ եղանակով փաստացի վճարվել է 702.6 մլն դրամ, կանխիկ եղանակով՝ 619.1 մլն դրամ: ՀՀ-ից 3-ից 9-ը ամիս բացակայող աշխատանքային կենսաթոշակ ստացող շահառուներին անկանխիկ եղանակով փաստացի վճարվել է 9 մլրդ դրամ, իսկ կանխիկ եղանակով՝ 4 մլրդ դրամ: Ըստ նրա՝ երկրից բացակայող և այլ անձին լիազորագրով այդ իրավասությունը չտված անձին կենսաթոշակի տրամադրումը ռիսկային է:

Յոլյանն ասաց, որ 60 անձ ստացել է 440 թաղման նպաստ՝ 90 մլն դրամ գումարի չափով:

Նա նաև նշեց, որ ընտանեկան նպաստի համակարգի ծրագրում արձանագրվել են էական խեղաթյուրման փաստեր՝ 1193 դեպք՝ 2,3 մլրդ-ի չափով:

Այս թեմայով
am