Եթե փակվի Վերին Լարսը մենք մեծ տնտեսական խնդիրներ ենք ունենալու. քաղաքագետ

Վրաստանի Ազգային ժողովում ռուս պատգամավորի կողմից  խոսնակի աթոռին նստելը միայն պատրվակ էր հակառուսական  հիստերիա սկսելու համար: Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասել է  քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Ինձ համար զարմանալի է մի բան, թե ինչի մեջ են մեղադրում Ռուսաստանին, էդ ուղղափառ երկրների ներկայացուցիչների համաժողովի կազմակերպման ամբողջ մասը վերահսկվել է Վրաստանի ներկայացուցիչների կողմից եւ ես չեմ կարծում, որ պատգամավորն ինքնագլուխ գնաց եւ նստեց խոսնակի աթոռին: Այդ ամեն ինչը համաձայնեցված է եղել: Ես ոչ ռուսամետ եմ, ոչ արեւմտամետ, ուղղակի ինձ հետաքրքիր է` ինչի մեջ են մեղադրում Ռուսաստանին, էդ աթոռի վրա նստելու մեջ մեղադրելն ուղղակի աբսուրդ է, դա ուղղակի պատրվակ է հակառուսական հիստերիա սկսելու համար, որը նոր թափով ու նոր փուլով է սկսվում»,-ասել է նա:

Հարցին, թե ստեղծված իրավիճակն ինչպես կազդի Հայաստանի վրա, քաղաքագետն ասել է որ երկու հիմնական սցենար կա. մեկը, որ հարաբերություններն ավելի կսրվեն եւ արդյունքում կփակվի Վերին Լարսը եւ երկրորդը, որ իրավիճակը կմնա այս պայմաններում, ինչն ավելի ձեռնտու է Հայաստանին:

«Եթե իրավիճակը ավարտվի այս ամենով ինչ-որ հիմա կա, այս ստատուս քվոյով, ապա Հայաստանը կարող է շահող դուրս գա, որովհետեւ ավիաընկերություններն արդեն հայտարարում են, որ հուլիսի 8-ից Հայաստանով տրանզիտային չվերթներ են իրականացվելու: Եթե  հարաբերությունները շատ սրվեն եւ փակվի Վերին Լարսը մենք մեծ տնտեսական խնդիրներ ենք ունենալու, կընդհատվի Հայսատան- Ռուսաստան էժան ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումները»,- ասաց նա:

Գագիկ Համբարյանը նաեւ ողջունել է Էդմոն Մարուքյանի առաջարկը` այդ տրանզիտային  չվերթները Գյումրիի օդանավկայանում կազմակերպելու առաջարկը: Քաղաքագետի կարծիքով` դա շատ կոնստրուկտիվ առաջարկ է եւ դրանից Գյումրին միայն կօգտվի:

Հիշեցնենք, որ  հունիսի 20-ին Թբիլիսիում անկարգություններ էին սկսվել,  ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ  Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։

Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքը դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել:

Այս թեմայով
am