Ուկրաինայի ԿԸՀ-ն ստիկանությանը բողոք է ներկայացրել Սաակաշվիլիի կուսակցության դեմ

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցության գրանցումը հուլիսի 21-ին նախատեսված Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին` մի շարք խախտումների պատճառով և նյութն ուղարկել է ոստիկանություն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ԿԸՀ պաշտոնական կայքին:

ԿԸՀ-ն բացատրել է, քանի որ նոր ընտրությունները նախագահի հրամանագրով նշանակվել են միայն մայիսի 21-ին, Սաակաշվիլիի կուսակցությունը չէր կարող քննարկել իրենց մասնակցության հարցը մայիսի 8-ին կայացած կուսակցության խորհրդում: Հանձնաժողովը նաև տեղեկացրել է, որ հունիսի 10-ին տեղի ունեցած կուսակցության համագումարը և պատգամավորության թեկնածուների առաջադրումը տեղի է ունեցել կուսակցության կանոնադրության պահանջների խախտմամբ:

Ավելի վաղ ուկրաինական «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Դմիտրի Ռազումկովը հայտարարել էր, որ Սաակաշվիլին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում չի կարող ներառվել իրենց կուսակցական ցուցակում: Սաակաշվիլին չի կարող ընդգրկվել նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի թիմում, քանի որ նա տևական ժամանակ չի բնակվել Ուկրաինայի տարածքում: Ռազումկովը մանրամասնել էր, որ վրացի քաղաքական գործիչն առհասարակ չի կարող ներառվել որևէ կուսակցության ցուցակում, քանի որ ըստ օրենսդրության՝ պետք է առնվազն հինգ տարի ապրած լիներ երկրի տարածքում:

   

Այս թեմայով
am