ՍԾՏՀ ԽՎ-ում առանց ՀՀ պատվիրակության քննարկվել և փոփոխություն է մտցվել տարածաշրջանի հակամարտությունների մասին հռչակագրում

Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Հայտարարությունը մեջբերում ենք ամբողջությամբ. «ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական քսանհինգերորդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ աննախադեպ երևույթի ականատես եղանք: 

Վեհաժողովի հիսուներորդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պարզվեց, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի և Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել և ինչ-որ հարց էին քննարկում: Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը: Սա մենք որակում ենք իբրև վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլև բոլոր պատվիրակությունների և ընդհանուր կառույցի հանդեպ:

ՍԾՏՀ ԽՎ-ի քսանհինգամյա պատմության ընթացքում նման դեպք երբեք չի եղել, և մենք այդ գործելաոճը գնահատում ենք իբրև կառույցի ավանդույթների և էության ոտնահարում: Նման աշխատաոճն անընդունելի և դատապարտելի է ցանկացած խորհրդարանական վեհաժողովի համար: Իբրև բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է Վեհաժողովի դահլիճը:

Հետագայում պարզվեց, որ վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին:

ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը բոլոր պատվիրակություններին կոչ է անում չտրվել սադրանքների, տնտեսական կառույցը չծառայեցնել որոշ պետությունների քաղաքական շահերին, դատապարտել այսօրինակ գործելաոճը և վերադառնալ կառուցողական համագործակցության դաշտ, ինչը բխում է ՍԾՏՀ ԽՎ-ի էությունից և ավանդույթներից»: 

Այս թեմայով
am