Քոչարյանի փաստաբանը Ջհանգիրյանի հայտարարության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին այսօր՝ հունիսի 17–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ալումյանը։

Հաղորդման համար հիմք է հանդիսացել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հունիսի 11–ի հարցազրույցը, որում նա խոսում է «Մարտի մեկի» գործի, Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դատարանի որոշման մասին։

Հայկ Ալումյանի խոսքով՝ Ջհանգիրյանն իր հարցազրույցում առնվազն երեք հանգամանք է նշել, որոնցից յուրաքանչյուրը քրեական գործ հարուցելու հիմք է։

«Ջհանգիրյանն իր հարցազրույցում հանգամանքներ է վկայակոչում, որոնք վկայում են դատարանների նկատմամբ ճնշումների մասին։ Հարցազրույցի վերջում, ի պատասխան Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշման վերաբերյալ հարցի, Ջհանգիրյանն ասաց, որ Սահմնարադրական դատարանը հնարավորություն է տալիս, որպեսզի իրենք իրենց սխալն ուղղեն։ Նրա ասածից հետևում է, որ երբ ՍԴ–ն դիմումի քննությունը մեկ ամսով հետաձգեց, շանս տվեց ընդհանուր իրավասության դատարաններին, որպեսզի «սխալն ուղղեն», այսինքն՝ Վերաքննիչ ատյանը բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը։ Եթե դա այդպես է, նշանակում է նախապես պլանավորված դատական ակտերի հետ գործ ունենք»,–ասաց Ալումյանը։

Փաստաբանը, վկայակոչելով Ջհանգիրյանի ասածները, նկատեց, որ այն միտքը, թե ՍԴ–ն դիմումը չի քննելու,  նշանակում է, որ Ջհանգիրյանին նախապես հայտնի է, թե ինչ է լինելու։

«Սրանք հեռու գնացող հայտարարություններ էին, որտեղ ակնհայտ է մի բան. առնվազն երկու դատական ատյանների ապագա անելիքները հայտնի են Գագիկ Ջհանգիրյանին»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գագիկ Ջհանգիրյանը 1in.am–ին տված հարցազրույցում հայտարարել էր.

«Նախ՝ դատավորն իրավունք չուներ այդ գործն ուղարկել ՍԴ, որովհետև գործի վարույթը կասեցնելու որոշումը բողոքարկման ենթակա որոշում է։ Դատավորը պետք է սպասեր, որոշումը Վերաքննիչում վիճարկվեր, եթե մնար ուժի մեջ, նոր պետք է ուղարկեր ՍԴ։ Հիմա Սահմանադրական դատարանը ժամանակ է տալիս այդ դատավորի կատարած սխալը ուղղելու։ Ինքը ձգում է իր մոտ գործի վարույթի սկիզբը, որպեսզի Վերաքննիչը կարողանա որոշում կայացնել։ Բայց ես կարծում եմ՝ այդ գործը ՍԴ-ում չի քննվի։ Ես հիմա փակագծեր չեմ ուզում բացել, ասում եմ, որ չի քննվի։ Համենայն դեպս ,ես կարծում եմ՝ այս կազմով ՍԴ-ն չի քննի։ Ավելին չասեմ։ Կգա ժամանակը, դուք տեղյակ կլինեք, կիմանաք»։

Տեսանյութը՝ News.am

Այս թեմայով
am