Փարաջանովի երկիրը կինեմատոգրաֆիայի ժամանակակից մոդելի կարիք ունի․ Պյոտր Սվիտալսկի

«Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումները ևս մեկ անգամ հաստատում են, որ խորհրդարանը ոչ միայն օրենսդիր մարմին է, այլև հանրային երկխոսության հարթակ։ Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Նա հատկապես արժևորում է «Ոսկե Ծիրան» հիմնադրամի դերը «Կինոյի մասին» նախագծի մշակման ժամանակ։

«Եվրամիությունը մի շարք պատճառներով է որոշել աջակցել այս նախաձեռնությանը։ Առաջինն այն է, որ մենք գտնում ենք, որ Հայաստանի համար մշակույթը շատ հզոր գործիք է, որը ոչ միայն կարող է բարձրացնել ՀՀ իմիջը, այլև ներդրում կատարել տնտեսության զարգացման գործում: Երկրորդ պատճառն այն է, որ մենք գտնում ենք, որ կինեմատոգրաֆիան այն ոլորտներից մեկն է, որտեղ Հայաստանն ունի ներուժ, և որը պետք է վերականգնվի և զարգանա: Փարաջանովի երկիրը կինեմատոգրաֆիայի ժամանակակից մոդելի կարիք ունի: Երրորդն այն է, որ մենք ուզում ենք աջակցել Հայաստանի մասնակցությունը ԵՄ-ի «Ստեղծարար Եվրոպա»  ծրագրին»,-ընդգծեց Սվիտալսկին:

ՀՀ-ում ԵՄ դեսպանը հիշեցրեց, որ ենթածրագրերի մակարդակով Հայաստանը արդեն երկու միջոցառման է մասնակցում, և իրենք գտնում են, որ այդ ծրագրերն օգուտ կբերեն երկրին:

«Բրյուսելում լսեցինք, որ Հայաստանն ուզում է մասնակցել 2020-2022 թթ համագործակցային ծրագրին, և մշակույթը կարևոր գործոններից է այդ մասնակցությունը հնարավոր դարձնելու համար։ Ամեն ինչ կանենք, որ «Ստեղծարար Եվրոպա»  ծրագրին Հայաստանի մասնակցությունը շարունակվի»,- շարունակեց դեսպանը:

Վերջինս հույս ունի, որ  «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումները հաջողությամբ կպսակվեն, և ԱԺ-ն կկարողանա ընդունել Կինոյի մասին օրենք, որը կլինի հզոր, ուժեղ և իրատեսական:

Այս թեմայով
am