Սա համահայկական հարց է. ԱԺ-ում քննարկել են Արցախի հետ կապված ֆրանսիական դատարանի որոշումը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի ադմինիստրատիվ դատարանի որոշումը՝ Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջև ստորագրված բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին։

Հռչակագիրը, հիշեցնենք, ստորագրվել էր 2018թ․-ի հոկտեմբերին Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլլի ու Շեխերի գյուղապետ Մխիթար Մանգասարյանի միջև՝ Արցախ ֆրանսիայի պատվիրակության այցի ժամանակ։ Հռչակագրի օրինականության հարցով դատարան էր դիմել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը։

«Ֆրանսիայի դատարանների որոշումներն, անշուշտ չենք մեկնաբանի, բայց ակնհայտ է, որ մասնավոր մի նախաձեռնություն է, դատական դեմարշ ու դրա համար չկա հասարակական պահանջ։ Չեմ կարծում, որ դա հետևանք կունենա Ֆրանսիայում Արցախի ու Արցախի ժողովրդի ընկալման վրա։ Իմ անձնական համոզմունքն է, որ դա չի կասեցնի ժողովրդավարական հորիզոնական դիվանագիտությունը, և քույր քաղաքների հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն», – այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն՝ արձագանքելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցադրումներին։

Նրա խոսքով, ֆրանսահայ համայնքի ու ֆրանսիացի քաղաքական տարբեր գործիչների կողմից ընդվզում կա այդ որոշման դեմ, հետևաբար ՀՀ կառավարությունն այդ հարցում անելիք չունի։ 

«Մեր օրակարգն է էլ ավելի ամրապնդել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները, նպաստել, որ Արցախի արդար դատը շարունակի ադեկվատ ընկալվել Ֆրանսիայի հասարակարգում», – ավելացրեց փոխնախարարը։

ԱԺ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանը քննադատեց ՀՀ արտգործնախարարությանն՝ ընդգծելով, որ ֆրանսիական դատարանի որոշումները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության անգործության հետևանքն է։

«Այս դատարանների որոշումները կանխատեսելի էին, դրան նախորդել են Ադրբեջանի կողմից մեծածավալ աշխատանքներ, և մենք անգործության ենք մատնվել և ամբողջությամբ հույսը դրել ենք Սփյուռքի ներուժի վրա ու ակնկալել, որ Սփյուռքն այս հարցերին պետք է լուծումներ գտնի։ Նրանք էլ կարողացել են միայն փաստաբան գտնել, որը չի կարողացել ըստ արժանվույն ներկայացնել հարցը։ Ես կարծում եմ, որ սա ունենալու է հետևանքներ նաև ԵՄ անդամ մյուս երկրների քաղաքների համար», – իր հերթին հայտարարեց Արման Բաբաջանյանը։

Նա ընդգծեց, որ այս պահին հայկական կողմը որևէ միջոց չպետք է խնայի՝ գործընթացն արագ կասեցնելու համար։

«Պետք է Ֆրանսիային հասկացնենք, որ սա Սփյուռքի հարցը չէ, սա համահայկական նշանակության հարց է, որովհետև Արցախի հետ կապված ցանկացած հարց մեզ համար ունի համահայկական նշանակություն», – նշեց Բաբաջանյանը։

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը համաձայնեց, որ խնդիրը լուրջ է, բայց նաև ավելացրեց. 

«Առաջարկում եմ չմոռանալ, որ մենք այստեղ գործ ունենք դատական որոշման հետ՝ սրանից բխող տարբեր հետևանքներով։ Համաձայնեք, որ մեզ համար խնդիր կլիներ, որ օրինակ որևէ դեսպանատան աշխատող գար ու խոսեր հայ որևիցե դատավորի կամ դատավորի մասին։ Կարծում եմ՝ չեք վիճարկի, որ Ֆրանսիայում դատական անկախություն կա։ Բայց նաև համաձայն եմ, որ խնդիր կա ու պետք է այդ ուղղությամբ համապատասխան օղակներով աշխատել»։

Այս թեմայով
am