ՔՊ համաժողովը վաղը փակ վարկանիշային քվեարկությամբ կընտրի վարչության նոր կազմ. 21 տեղի համար առաջադրված է 51 թեկնածու

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վաղը կայանալիք համաժողովում փակ վարկանիշային քվեարկությամբ կընտրի վարչության նոր կազմ: Առաջադրված 51 թեկնածուներից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված: Tert.am-ի հետ զրույցում այս մասին նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամի թեկնածու Վահագն Հովակիմյանը:

Հովակիմյանը տեղեկացրեց, որ բացի անցած շրջանը ամփոփելուց և վարչության նոր կազմի ընտրությունից, նախատեսված է նաև վերահսկող հանձնաժողովի նոր կազմի ընտրություններ: 7 տեղի համար առաջադրվել է 30 թեկնածու:

Ըստ Հովակիմյանի՝ ՔՊ կանոնադրությունում և ծրագրում ունեն փոփոխություններ:

«Թեկնածուների առաջադրումները մայիսին ավարտվել են: 1,5 ամսվա ընթացում տեղի է ունեցել քարոզարշավ և ունենք վարչության անդամի 51 թեկնածու»,-ասաց նա:

Վարչության անդամների ընտրությունից հետո նիստ կգումարվի և կորոշվի վարչության նախագահ և փոխնախագահ, որն էլ համաժողովը հաստատում է: Վերահսկիչ հանձնաժողովն էլ ընտրում է իր անդամներին և նախագահին:

Դիտարկմանը, թե ըստ մամուլի՝ չի բացառվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թեկնածությունը չդնի վարչության նախագահի համար և հավանական թեկնածուներ են համարվում Սուրեն Պապիկյանն ու Արայիկ Հարությունյանը, Հովակիմյանը նշեց, թե քանի դեռ վարչությունը չի ընտրվել, ժամանակավրեպ է քննարկել, թե ով է լինելու վարչության նախագահ: «Բոլորս էլ հասկանում ենք, որ վարչապետը՝ հանրապետության թիվ մեկ քաղաքական գործիչը, հաստատ վարչության կազմում կլինի, բայց ինքին այս դիսկուրսը սխալ է, քանի որ վարչությունը չի ընտրվել»,-ասաց նա:

ՔՊ վարչության ներկայիս նախագահ Սասուն Միքայելյանը, ըստ Հովակիմյանի, նույնպես առաջադրված վարչության անդամի թեկնածու է: Հովակիմյանը հերքում է մամուլի այն տեղեկությունները, թե Սասուն Միքայելյանի և ՔՊ-ի միջև տարաձայնություններ կան, և շատ հավանական է, որ Միքայելյանը կազմում չընդգրկվի:

«Մեր կուսակցությունում հաստատ այդպես չէ, չգիտեմ մամուլն ինչու է նման ենթադրություններ անում, բայց մեր մոտ այդպիսի բան չկա: Մեր մոտ ամեն ինչ պարզ բանավեճերի հարթակում է: Նույն թեկնածուների քարոզարշավը տեղի է ունեցել կուսակցական պատվիրակների աչքի առաջ, ովքեր պետք է ընտրեն և բոլորը ելույթները, հարցուպատասխանները տեսագրվել է, դրվել է աշխատանքային խմբում, յուրաքանչյուր թեկնածու իրավունք է ունեցել իր քարոզչական նյութերը հրապարակի, ինչն էլ առանձին թեկնածուներն արել են»,-ասաց նա:

Վահագն Հովակիմյանը նաև տեղեկացրեց, որ համաժողովին այլ կուսակցությունների չեն հրավիրել՝ բացառությամբ իրենց դաշինքի գործընկեր «Առաքելություն» կուսակցությանը:

Այս թեմայով
am