Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ

Խոշոր չափով յուրացման և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանին երեկ` հունիսի 14-ին, «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ: Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին:

Ըստ նրա՝ Մանվել Գրիգորյանի վիճակը միջին ծանրության է։  «Մանվել Գրիգորյանը գտնվում հիվանդասենյակում, ոչ թե վերակենդանացման բաժանմունքում, դա արդեն ամեն ինչ ասում է։ Օբյեկտիվ տվյալների մասին առայժմ ոչինչ չենք կարող ասել, քանի որ երեկ Գրիգոյանն անօթի չէր, չէինք կարող կազմակերպել անալիզների հանձնումը։ Այսօր  նախատեսվում է հետազոտություններ անցկացնել` նրա վիճակի  ծանրությունը պարզելու համար», - նշեց Անատոլի Գնունին։

Հարցին՝ ինչով է պայմանավորված Մանվել Գրիգորյանին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից «Նաիրի» ԲԿ տեղափոխումը, Գնունին պատասխանել է, որ դա Գրիգորյանի ցանկությունն է եղել։ «Հավանաբար ցանկանում է այն բժշկի հսկողության ներքո լինել, որը մշտապես իր առողջական վիճակով զբաղվել է»,- ասաց Անատոլի Գնունին։ 

Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից  տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Հունիսի 6-ին ՔԿՀ–ում կտրուկ վատացել էր նրա առողջական վիճակը և նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Այս թեմայով
am