Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո ստացել է խոստացված նվիրատվությունների միայն 9%-ը

Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո վերակառուցման համար նվիրաբերված գումարների ընդամենը 9%-ն է ստացել, հաղորդում է France Info ռադիոկայանը: Ռադիոկայանի տվյալներով՝ 850 մլն եվրոյից ներդրվել է ընդամենը 80 միլիոնը:

Նշենք, որ նվիրատվություն կատարողները հիմնականում մասնավոր անձինք են: Ֆրանսիացի գործարար, Louis Vuitton ընկերության ղեկավար Բեռնար Առնոյի ընտանիքն ու «Louis Vuitton Moët Hennessy» (LVMH) խումբը խոստացել էին տաճարի վերակառուցմանը 200 մլն եվրո հատկացնել, իսկ միլիարդատեր Ֆրանսուա Անրի Պինոն՝ 100 մլն: Ռադիոկայանի տվյալներով՝ նվիրատուները մտադիր են նախահաշիվը փոխանցել մաս-մաս:

Միաժամանակ որոշ համայնքներ և մասնավոր անձինք արդեն զգուշացրել են, որ, հաշվի առնելով տաճարի համար դրամահավաքի գրանցած հաջողությունը՝ հրաժարվում են իրենց խոստումներից:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով այն մեծապես վնասվել էր, սակայն հիմնական շինությունը հաջողվել էր փրկել: Հրդեհի պատճառը, ըստ երևույթին, տաճարի ներսում ընթացող շինարարական աշխատանքներն են եղել:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է տաճարը 5 տարում վերակառուցելու մասին:

Այս թեմայով
am