Մարդասպանություն Վաշինգտոնի հանդիպումից առաջ. ԱԳՆ կոշտ հայտարարությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ նշվում է հունիսի 20-ին Վաշինգտոնում պլանավորված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին: Հայտարարության մեջ նշվում է, որ Փարիզի և Մոսկվայի հանդիպումներից հետո քննարկվել է համանախագահ երրորդ երկրի մայրաքաղաքում հաջորդ հանդիպումն անցկացնելու մասին: Միաժամանակ Հայաստանի ԱԳՆ-ն հիշատակում է, որ հանդիպմանն ընդառաջ ադրբեջանական կողմը գնացել է սահմանային լարվածության աճի, որը բերել է նաև զոհերի: Այդ համատեքստում արտգործնախարարությունը հայտարարել է, որ «ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ»:

Թե հատկապես ինչ նկատի ունի Հայաստանի արտգործնախարարությունը՝ մնում է ենթադրել: Խոսքը հավանաբար Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգ կոչվածի կամ այլ կերպ ասած՝ հրադադարի պահպանման մեխանիզմների մասին է: Հայկական կողմն այս օրերին սահմանային լարվածության համատեքստում մի քանի անգամ հիշեցրել է դրա մասին, այդ թվում՝ ի պատասխան Ադրբեջանի մեղադրանքի, թե իբր հայկական կողմի կրակոցից առաջինը զոհ է ունեցել Ադրբեջանը: Այդ մեղադրանքը Բաքուն հնչեցրել էր հենց այն օրը, երբ Մինսկի խմբի համանախագահները ռեգիոնալ այց էին կատարել և գտնվում էին Բաքվում: Ադրբեջանը հայտարարեց, թե հայկական կողմն իբր սպանել է ադրբեջանցի մայորի: Արցախի պաշտպանական բանակը հերքեց այդ տեղեկությունը, ԱԳՆ-ն էլ հայտարարեց, որ այդօրինակ մեղադրանքները և ապատեղեկատվությունը բացառելու համար է պետք Վիեննայի օրակարգի իրագործումը:

Իսկ մի քանի օր անց էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հայտարարեց, որ հայկական կողմը թե՛ համանախագահներին, թե՛ Բաքվին ներկայացրել է հստակ ապացույցներ, որ հայկական դիրքերից չի հնչել որևէ կրակոց, երբ սպանվել է ադրբեջանցի զինվորականը: Ավելին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սարքերը այդ ժամանակ կրակոց արձանագրել են միայն Ադրբեջանի կողմում:

Այդուհանդերձ, Բաքուն չխորշեց իր ապատեղեկատվությունից հետո դիմել մարդասպանության տակտիկային՝ Դուշանբեի պայմանավորվածությունների մի քանի ամիս տևած, այսպես ասած, հարաբերական անդորրից հետո: Ադրբեջանական կրակոցի հետևանքով զոհի մասին հայկական կողմը հայտնել է նաև հունիսի 13-ին: Դրան հաջորդում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը վաշինգտոնյան հանդիպման օրակարգի գերակայության մասին:

Այստեղ իհարկե առանցքային է երկու հանգամանք: Հայկական կողմը պետք է լինի այդ հարցում հստակ և միարժեք հետևողական: Մյուս կողմից՝ օրակարգի առաջմղումը էապես պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչ դիրքորոշում ունեն դրա վերաբերյալ համանախագահ երեք երկրները: Վիեննայի օրակարգը եղել է ԱՄՆ առաջարկը, որը, սակայն, Ադրբեջանը 2016-ի մայիսից հետո փորձեց չեզոքացնել Ռուսաստանի օգնությամբ: Արդյոք Մոսկվան և Բաքուն ներկայումս է՞լ այդ հարցում գործընկերներ կամ դաշնակիցներ են:

Հատկանշական է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ Դուշանբեում կարող է տեղի ունենալ Պուտին-Ալիև հանդիպում՝ Ասիական գործակցության խորհրդի վեհաժողովի շրջանակում: Այն, որ Ադրբեջանն այդ հանդիպումներին ընդառաջ լարում է իրավիճակը սահմանին և դիմում մարդասպանության շանտաժի քաղաքականությանը, հուշում է, որ իրերի դրությունը Բաքվի համար այնքան էլ բարվոք չէ: Կօգնե՞ն մարդասպանությունն ու շանտաժը Պուտինի հետ հանդիպմանը Ալիևին, և կօգնի՞ Պուտինը Ալիևին Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումից առաջ:

1in.am

 

Այս թեմայով
am