Մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց մարդը (լուսանկարներ)

Հարյուր տասներկու տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց մարդը՝ Գրեյս Ջոնսը: Ինչպես գրում է Daily Mail-ը, նա մինչև կյանքի վերջ ակտիվ կենսակերպ է վարել և մահացել է քնի մեջ:

Բրիտանուհին ծնվել է 1906 թ.-ի սեպտեմբերի 6-ին: Նա իր կյանքի ընթացքում ականատես է եղել Մեծ Բրիտանիայի 26 վարչապետերի պաշտոնավարմանը, 5 միապետի կառավարմանն ու երկու համաշխարհային պատերազմների:

Ջոնսը տարբեր առիթներով նշել է, որ իր կյանքի լավագույն հիշողությունն իր ամուսնությունն է եղել: Նա ամուսնու՝ պարոն Ջոնսի հետ ամուսնացել է 1933թ.-ին և նրա հետ ապրել 53 տարի՝ մինչև ամուսնու մահը:

«Նա իրական ջենթլմեն էր: Մենք միշտ միասին էինք և շատ էինք սիրում միմյանց»,- ասել էր Գրեյսը:

Խոսելով երկարակեցության գաղտնիքի մասին՝ նա հայտնել էր, որ 50 տարեկանից ի վեր ամեն գիշեր ջրին խառնած մի կաթիլ վիսկի է խմում:

Այժմ Մեծ Բրիտանիայի ամենատարեց մարդու տիտղոսը կփոխանցվի 111-ամյա Դորոթի Փեյնին:







Այս թեմայով
am