Բողոքի ակցիա Կրեմլում. «Ես/Մենք Իվան Գոլունով ենք» գրությամբ շապիկով աղջիկը 1 ժամ նստել է Պուտինի դիմաց

Հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, Կրեմլում պարգևների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին շարքում նստել է մի աղջիկ՝ «Ես/Մենք Իվան Գոլունով ենք» գրությամբ շապիկով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ նա Աննա Լուգանսկայան է: Նա «Մեդուզա» գործակալությանն ասել է, որ արարողությանն է եկել հոր՝ դաշնակահար Նիկոլայ Լուգանսկու, ինչպես նաև տատիկի ու պապիկի հետ:

Այդ ընթացքում, Մոսկվայի կենտրոնում հաջակցություն օրերս կալանավորված և 2 օր առաջ կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի և ընդհանուր առմամբ քրեական գործերի կեղծման դեմ երթ է անցկացվել, որի ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 500 մարդ՝ զանգվածային միջոցառումների անցկացման կարգի խախտման համար: Նշվում է, որ երթի անցկացումը չի համաձայնեցվել քաղաքային իշխանությունների հետ: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ ակցիային մասնակցել է մոտ 1200 մարդ:

Լրագրողները հայտնում են, որ «Ռոսգվարդիա»-ի մարտիկները մահակներ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ: Նաև Մոսկվայի փողոցներում հայտնվել են ջրցան մեքենաներ, որոնք ջրել են երթի մասնակիցներին: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը կոչ է արել մարդկանց ցրվել, ինչից հետո սկսել է բերման ենթարկել նրանց: Նշվում է, որ նրանց թվում են եղել մի շարք լրագրողներ, նաև ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Երթի մասնակիցները բացականչել են «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»: 

Հիշեցնենք, որ Իվան Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառք իրականացնելու փորձի համար: Նրա դեմ հարուցված քրեական գործն ավելի վաղ կարճվել էր՝ ապացույցների բացակայության պատճառով:

Նշվում է, որ գործով առգրավված իրերից ոչ մեկի վրա չի հայտնաբերվել լրագրողի մատնահետքը: Ինչպես նաև նրա մատներին, եղունգների տակ չի հայտնաբերվել արգելված նյութի հետքեր, իսկ թմրանյութի օգտագործման փորձաքննությունը բացասական արդյունք է տվել:

 

Այս թեմայով
am