Գագիկ Ծառուկյանը հարցաքննության կանչվելու մասին Քննչական կոմիտեի ծանուցումը պատռել է և չի ներկայացել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ 18։30-ին չի ներկայացել Քննչական կոմիտե հարցաքննության։ Ավելին, Aysor.am-ի աղբյուրները փոխանցում են, որ նա ոստիկանի կողմից ծանուցումն ստանալուց հետո պատռել է և իրավապահ մարմին ներկայանալու մասին որևէ տեղեկություն չի հաղորդել։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նաիրա Հարությունյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանը հունիսի 11-ին առձեռն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը:

«Գագիկ Ծառուկյանը նախաքննական մարմնին երեկ հարցաքննության չներկայանալու պատճառների մասին չի հայտնել», - ասաց Հարությունյանը։

Aysor.am-ը փորձեց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանից տեղեկություններ ստանալ նախաքննական մարմին չներկայանալու պատճառների մասին, սակայն վերջինը չպատասխանեց մեր զանգերին։

Ավելի վաղ Aysor.am-ը գրել էր, որ Քննչական կոմիտեն Ծառուկյանին հրավիրում է հարցաքննության Աբովյանում «Իմ քայլը» թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենայի հրկիզման դեպքի մասին արված հայտարարության հետքերով։

Նա, հիշեցնենք, մասնավորապես, հայտնել էր, որ կատարվածը «սարքած գործ է»։ 

«Եթե չբացահայտվի, ապա մեր իրավապահ մարմինները լիարժեք իրենց տեղում չեն։ Պետք է բացահայտվի և մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն։ Հենց դրանք են «մուտիլովչիկները», որոնք այդպիսի քայլերի են գնում։ Դա շինծու, սարքած գործ էր։ Վարչապետը պետք է պարտադրի, որպեսզի այդ գործը բացահայտվի», - ասել էր նա։

 

Այս թեմայով
am