Փաստ չկա, որ ֆիքսվել է Քոչարյանի կողմից ապօրինի ներգործություն. Գլխավոր դատախազ

Անձնական երաշխավորությամբ դատարան դիմելու օրենսդրական արգելք չի եղել նախագահների հետ կապված: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ խոսելով Արցախի նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորության մասին, որը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ:

Այսօր՝ հունիսի 12-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա հունիսի 14-ին:

Լրագրողների հետ զրույցում Դավթյանը պնդեց, որ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց պետք է կիրառվի կալանքը. «Մենք բարձրաձայն ասում ենք, չենք թաքցնում, որ փաստ չկա, որ ֆիքսվել է ապօրինի ներգործություն, մենք չունենք նման փաստ: Մենք չենք խոսում եղած փաստի մասին, մենք խոսում ենք ապագային միտված ռիսկերի մասին: Քրեադատավարկան օրենքը, մեր ու եվրոպական նախադեպային իրավունքը խոսում են խոչընդոտելու, թաքնվելու հավանականությամ մասին, ոչ թե գործող փաստի»:

Այս թեմայով
am