Դատավորը մերժեց Ռ. Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի` դատական նիստը հետաձգելու վերաբերյալ դիմումը

Վերաքննիչ քրեական դատարանը քննում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, «Մարտի 1-ի» գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները:

Պաշտպանական կողմը դատական նիստի ծանուցման վերաբերյալ խնդիր նկատեց և պաշտպաններից մեկը նույնիսկ ասաց, որ միայն զանգով է տեղեկացել նիստի մասին, և դատավարական փաստաթղթերը չեն տրամադրվել իրեն:

Դատարանը ստացել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումը` դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված բողոքներում ուղղակի անդրադարձ է կատարվել իմ կողմից ներկայացված միջնորդություններին, կարևոր եմ համարում իմ մասնակցությունը նշված բողոքների քննությանը»,- նշել էր պաշտպանը դիմումում, տեղեկացնելով, որ ինքը նախապես պլանավորած կարճատև արձակուրդում է:

Պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ կարևորում է Հովհաննես Խուդոյանի մասնակցությունը:  Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը խախտվել չի կարող, եթե բողոքների քննությունը հետաձգվի մինչև երկուշաբթի, մինչև պարոն Խուդոյանը գա:

Դատախազության կողմն առարկեց դատական քննությունը հետաձգելու միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ դատարանի համար պարզ է, որ պաշտպան Խուդոյանը մեղադրյալի միակ պաշտպանը չէ, և նրա չներկայանալը չի կարող խոչընդոտ հանդիսանալ:

Դատարանը տեղում խորհրդակցելով՝ որոշում է, որ պաշտպան խուդոյանի խնդրանքը՝ դատական նիստը հետաձգելու, առկա պայմաններում մերժել` նկատի ունենալով, որ մեղադրյալի մյուս պաշտպանները ներկա են: Դատավորն ավելացրեց, որ որոշակի ծավալ սպառելուց հետո դատարանը կանդրադառնա այդ հարցին:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում էր կայացրել Քոչարյանին ազատել կալանքից՝ Ղարաբաղի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին էլ նույն դատավորը որոշում էր կայացրել կասեցնել Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների դեմ հարուցված գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու առաջադրված մեղադրանքների համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին: Դատախազությունը և տուժող կողմի փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել այս որոշումների դեմ։ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված էր անցած տարվա դեկտեմբերի 7-ից:

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հետագայում Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել է նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մասով՝ գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիման վրա:

Ռոբերտ Քոչարյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:

Այս թեմայով
am