ՊԵԿ-ի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. Analitik.am-ի գլխավոր խմբագիր

Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի պատասխան ՊԵԿ-ի՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարությանը.

«Analitik.am»-ի բանկային հաշվի վրա կալանք դրված չի եղել 07.06.2019-ի դրությամբ: Կալանք, բնականաբար դրվում է ԴԱՀԿ-ի կողմից՝ ՊԵԿ-ի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում: Ծիծաղելի է տալ հայտարարություն այն մասին, որ ՊԵԿ-ը կալանք չի դրել, ՊԵԿ-ը հրահանգում է, ԴԱՀԿ-ն էլ արգելանք դնում:

19.02.2019-ին ՊԵԿ-ի իրավաբական վարչության կողմից վարչական վարույթ հարուցելուց հետո ես բանավոր պայմանավորվածություն եմ ձեռք բերել ՊԵԿ-ի հետ, ինչը նորմալ է և իրավաչափ՝ ամեն ամիս մաս-մաս վճարել կուտակված հարկերն, ինչն էլ արվել է:

Սակայն, ՊԵԿ-ն առանց որևէ նախազգուշացման, որ պայմանավորվածությունն այլևս ուժի մեջ չէ, առանց տեղեկացնելու, որ վարչական վարույթին ընթացք են տալիս, առանց զգուշացնելու, որ եթե չվճարենք, օրինակ, միանվագ այսքան հարկ, արգելանք կդնեն և այլն, ՊԵԿ փոխնախագահ Ռուստամ Բադասյանի՝ Զինված Ուժերում չծառայելու օրինականության հիմքերին անդրադառնալուց հետո որոշում է խախտել մեր պայմանավորվածությունը և ԴԱՀԿ ուղարկել վերոնշյալ վարչական վարույթը»:

Հիշեցնենք՝ մինչ այդ, Անի Հովհաննիսյանը ՊԵԿ-ից հետևյալ պատասխանն էր ստացել.

«Ի պատասխան «Analitik.am»-ի հայտարարությանը, ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հայտարարության մեջ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ «ՄԵԴԻԱ ԻԴԵԱ» ՍՊԸ-ի չկատարված հարկային պարտավորությունների գանձման ուղղությամբ վարչարարությունը սկսվել է դեռևս 25․01․2019թ-ին։ Մասնավորապես՝ 25․01․2019թ-ին հարուցված վարչական վարույթի շրջանակներում ունեցած 365315 դրամ պարտավորության գումարը գանձելու վերաբերյալ ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից 19․02․2019թ-ին կայացվել է պարտավորությունները գանձելու մասին որոշում։ Նշված որոշումը «ՄԵԴԻԱ ԻԴԵԱ» ՍՊԸ-ի կողմից չի կատարվել, ինչի արդյունքում այն 04․06․2019թ-ին ներկայացվել է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայություն կատարման համար, որի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ և արգելանքները կիրառվել են հարուցված կատարողական վարույթի շրջանակներում ԴԱՀԿ կողմից:Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ լրատվական կենտրոնից:

Միաժամանակ տեղեկացվում ենք, որ ՀՀ ՊԵԿ-ի կողմից «ՄԵԴԻԱ ԻԴԵԱ» ՍՊԸ-ի գույքի վրա արգելանք չի կիրառվել և չէր կարող կիրառվել, քանի որ 19․02․2019թ-ին կայացված որոշմամբ գանձման ենթակա պարտավորության գումարը չի գերազանցել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված 500000 դրամը»։

Այս թեմայով
am