Ուզում ենք լավ լինի, բայց ստացվում է, ինչպես միշտ․Ատոմ Ջանջուղազյանը՝ սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու արդյունքների մասին

2018 թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալով՝ քանի՞ աշխատատեղ է ստեղծվել այս 4 տարում։

«Մոտ 4 տարի առաջ երեք մարզերի՝ Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, սահմանամերձ մոտ 31 համայնք՝ այդ թվում նաև Ճամբարակ քաղաքը տարբեր հարկերից ազատվել է, դրա արդյունքում քանի՞ աշխատատեղ է ավելացել։ Նոր արտադրությունների արդյունքում ինչքա՞ն հարկեր են եկել այլ հարկատեսակների գծով, արդյո՞ք այդ ուղղությամբ արել ենք առավելագույնը, եթե էֆեկտը այդքան շատ չի»,-հարցրեց Մարուքյանը:

Ջանջուղազյանը պատասխանեց, որ նման վիճակագրություն չունեն և ինքն էլ կուզեր իմանալ, թե հարկերից ազատելու գործողությունները տալի՞ս են այն արդյունքները, ինչ ակնկալում ենք։

«Մինչ այս տրված արտոնությունների արդյունքները բավարար չափով վերլուծված չեն: Մեր կարծիքով՝ դա ամենաարդյունավետ գործիքը չի, որովհետև պետք է գտնել ճիշտ թիրախը և հասցեական ազդեցություն ունենալ փոփոխության ազդակը հաղթահարելու ուղղությամբ»,-ասաց նա։

Նախարարը նշեց, որ եթե նման հարց առաջացել է պատգամավորի մոտ, ուրեմն որոշակի ինֆորմացիա ունի։ «Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ։ Այն ժամանակ, երբ համատեղ քննարկել ենք և որոշում կայացրել, բացահայտած չենք եղել` դա ամենանշանակալի գործո՞նն է, թե՞ ոչ, դա՞ է խոչընդոտը, որ սահմանամերձ բնակավայրերում տեղի չի ունենում տնտեսության վարում այնպես, ինչպես կուզենայինք»,-ասաց նա։

Մելքումյանը նշեց, որ խնդիրը կայանում է նրանում, որ միայն հարկային արտոնություն տալով կամ սուբսիդավորելով`արդյունք չի լինում, կոմպլեքս միջոցառումներ են պետք, ինչին Ջանջուղազյանը համաձայնեց։

«Պետք է համապարփակ լուծումներ գտնվի»,-ասաց Ջանջուղազյանը։

Այս թեմայով
am