Բյուջեի քննարկմանը պետք է ներկայանան նախարարները․ Թանդիլյանը՝ Բաթոյանի՝ նիստից բացակայելու մասին

Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում այսօր շարունակվում են 2018 թվականի բյուջեի կատարման արդյունքները, որոնց ընթացքում իրենց ոլորտները պետք է ներկայացնեն պատասխանատուները՝ նախարարները։ Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր բացակայում էր նիստից, ինչը դժգոհություն առաջացրեց Մանե Թանդիլյանի մոտ։

Որպես հանձնաժողովներից մեկի նախագահ՝ նա համանախագահում է նիստը։ Երբ հաշվետվություն ներկայացնելու համար մոտեցավ նախարարի տեղակալը, նա արտահայտեց իր դժգոհությունը։

«Պետք է խնդրեմ, որ նախարարին փոխանցեք՝ մեկ ամիս առաջ մենք ժամկետացանկը ուղարկել ենք զուտ նրա համար, որ բոլոր նախարարները կարողանան իրենց գրաֆիկներում տեղ հատկացնել այսօրվա քննարկումների համար։ Եվ նաև վարչապետի հրահանգով, և առհասարակ, բյուջեի քննարկմանը պետք է ներկայանան նախարարները»,- ասաց Թանդիլյանը։

Նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը փորձեց արդարացնել Բաթոյանին՝ ասելով, որ Բաթոյանը գործուղման մեջ է ներկա պահին։ Բայց Թանդիլյանը հակադարձեց, որ հենց դրա համար էլ մեկ ամիս առաջ են ուղարկել ժամանակացույցը, որ նախարարները հասցնեն կազմակերպել իրենց գրաֆիկները։

Հիշեցնենք, որ 2018 թվականի ընթացքում Մանե Թանդիլյանը մի քանի ամիս զբաղեցրել է հենց սոցիալական հարցերի ու աշխատանքի նախարարի պաշտոնը, և այդ ժամանակ Զարուհի Բաթոյանը եղել է նրա տեղակալը։

Այս թեմայով
am