Աբովյանում հրդեհված մեքենայի և տան գործով հարցաքննվել է 20 մարդ․ ՔԿ ղեկավար

Աբովյանում քաղաքապետի ընտրություններից առաջ թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցվել է քրեական գրոծ։ Որպես վկա հարցաքննվել է մոտ 20 մարդ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը։

Ըստ պաշտոնյայի՝ որպես կասկածյալ առայժմ ոչ ոք չի ներգրավվել։ Քրեական գործի շրջանակներում ճանաչվել է տուժողը, ինչպես նաև նշանակվել են հրդեհատեխնիկական ու դատաապրանքագիտական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։

Նա նշեց, որ գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի երկրորդ մասով, որում ասվում է․ «Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել և որը

  1. կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով,
  2. խոշոր չափերի վնաս է պատճառել,
  3. կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ,
  4. կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»։
Այս թեմայով
am