Գերմանիայի արտգործնախարարը ժամանել է Իրան՝ միջուկային գործարքը փրկելու

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը ժամանել է Իրան՝ միջուկային համաձայնագիրը պահպանելուն ուղղված բանակցություններ վարելու նպատակով: Իր այցի ընթացքում Մաասը հանդիպումներ է ունենալու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Նախքան Իրան մեկնելը Գերմանիայի արտգործնախարարն այցելել էր Իրաք և Հորդանան: IRNA գործակալության փոխանցմամբ՝ Մաասը հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպական Միությունը հանձնառու են՝ պահպանելու Իրանի հետ կնքված միջուկային գործարքը: Ըստ Մաասի՝ ԵՄ-ն մեխանիզմ է մշակել, որը թույլ կտա մեղմել ամերիկյան պատժամիջոցները և պահպանել Իրանի հետ ֆինանսական գործարքները:

«Համատեղ գործողությունների համապարփակ պլանը» կնքվել էր Իրանի և 6 գերտերությունների միջև 2015թ.-ին: Համաձայն դրա՝ Թեհրանը պատժամիջոցների սառեցման դիմաց դադարեցնելու էր իր միջուկային ծրագիրը:

Անցյալ տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից:

Այս թեմայով
am