«Ալա-Բալանիցա» երգողը Նժդեհին նվիրված երգ չպետք է կատարի. Ներսիկ Իսպիրյանը՝ Արամ MP3-ի մասին

ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը խոսել է Հայաստանում եւ սփյուռքում ազգային, ժողովրդական երգի պահպանման, հեղափոխությունների ժամանակ հայրենասիրական երգերի դերի եւ երիտասարդությանը դեպի փակուղի տանող երաժշտության պրոպագանդայի վնասների մասին: 

Armlur.am-ի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

-Երեք ու կես տասնամյակ է՝ բեմում եք, ի՞նչ եք կարծում` ո՞ր տասնամյակում է հայկական ժողովրդական երգն ավելի մեծ տարածում ունեցել, ավելի մեծ, նշանակալից դեր ունեցել:

-Ազգային, հայրենասիրական երգը միշտ ունեցել է իր կայուն լսարանը Հայաստանում եւ սփյուռքում: Խորհրդային տարիներին երկաթե վարագույրի ետեւում էինք երգում, այն ժամանակ չէիր կարող ավանդական կուսակցությունների անուններ տալ, մինչեւ անգամ կային ֆիդայիններ, որոնց մասին երգերն արգելված էին՝ Դրո, Նժդեհ, Նիկոլ Դուման… Բայց կային ազդեցիկ անհատներ, որոնք կարողանում էին այդ արգելքը հաղթահարել: Նրանցից մեկն էլ Ստեփան Պողոսյանն էր՝ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի նախագահը: Նաեւ նրա շնորհիվ այդ տարիներին կարողացանք զարկ տալ ազգային, հայրենասիրական երգերին: 

-Թավշյա հեղափոխության ժամանակ ինչպե՞ս եղավ:

-Այս ժամանակ էլ հայրենասիրական երգերը պրոպագանդվեցին, բայց հետո ազգայինը մղվեց մի կողմ: Ես ակնկալում էի, որ հեղափոխությունից հետո ազգային երաժշտությունը ավելի շատ կպրոպագանդվի, բայց տեսնում եմ, որ ոչ: Փոխարենը շարունակվում է պրոպագանդվել այն երաժշտությունը, որը երիտասարդներին դեպի փակուղի է տանում, դեպի մշակութային անկում: Ի՞նչ տեղի ուենցավ վերջերս՝ մայիսի 28-ին, Սարդարապատում: «Ալա-Բալանիցա» երգողը Նժդեհի մասին երգ չպետք է կատարի, դա իրենը չէ (Նկատի ունի Արամ MP3-ին, որի կատարումն, ի դեպ, բուռն քննադատությունների արժանացավ-հեղ.): Ես չեմ վատաբանում այդ եւ մյուս երգիչներին, հարգում եմ նրանց իրենց ժանրի, իրենց տեսակի մեջ, բայց ուզում եմ, որ ամեն մեկն իր գործով զբաղվի: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Այս թեմայով
am