ԵՏՄ երկրները մինչեւ 2019-ի վերջ կսկսեն ընդունել «Միր» քարտեր

Մինչեւ տարեվերջ «Միր» քարտերը կսկսեն ընդունվել ԵՏՄ երկրներում (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղրղզստան եւ Ղազախստան), ինչպես նաեւ Տաջիկստանում եւ Ուզբեկստանում։ Այս մասին ասել է Վճարաքարտերի ազգային համակարգի (ՎՔԱՀ) տնօրեն Վլադիմիր Կոմլեւը «Իզվեստիա»-ի հարցազրույցում։

«Այդ բոլոր երկրներում, բացի Ղազախստանից, կան ազգային վճարաքարտեր՝ «Բելքարտ», ArCA, «Կորտի Միլի», UZCARD, «Էլքարտ»։ Մենք իրականացրել ենք Mir International առանձին պլատֆորմ, որը թույլ է տալու քարտերին մտնել գործընկերային համակարգի ենթակառուցվածք։ Մինչեւ 2019-ի վերջ կավարտվեն նշածս երկրների՝ Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ղազախստանի վճարային համակարգերի ինտեգրման նախագծերը»,- ասել է նա։

ՎՔԱՀ տնօրենը նաեւ ասել է, որ մինչեւ 2021 թվականի ծրագրերում է «Միր» քարտերի ընդունումն այն երկրներում, որտեղ շատ են այցելում ռուսաստանցի զբոսաշրջիկները։

«Այս ցուցակում այն երկրներն են, որոնք ամենից շատ են այցելվում ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից, ինչպես նաեւ այն երկրները, որտեղ ապրում են ռուսաստանցի քաղաքացիներ։ Բավական վաղուց գործընթացն ընթանում է Վիետնամի հետ, հույս ունեմ, որ առաջիկայում կկարողանանք վերջնագիծ դուրս գալ։ Բացի այդ, աշխատում ենք «Միր» քարտի ընդունման շուրջ Թաիլանդում եւ Բուլղարիայում»,- ավելացրել է Կոմլեւը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Միր» քարտերը սկսել են ընդունել Թուրքիայում, IS Bank ցանցում։

«Միր» քարտի մասին

Ռուսաստանում վճարաքարտի ազգային համակարգի ստեղծման առիթ դարձավ Visa-ի եւ Mastercard-ի որոշումը՝ 2014-ի մարտին դադարեցնել «Ռոսիա», «ՍՄՊ-բանկ» եւ նրանց դուստր բանկերի հաճախորդների վճարային գործողությունների սպասարկումը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։ 2014 թվականի դեկտեմբերին Visa-ն եւ Mastercard-ը դադարեցրին սպասարկումը Ղրիմում եւ Սեւաստոպոլում։

Սցենարի կրկնությունից խուսափելու համար նույն՝ 2014 թվականին ստեղծվեց ՎՔԱՀ բաժնետիրական ընկերությունը, որի առջեւ դրվեց երկու խնդիր՝ ներռուսաստանյան գործողությունների համար վճարային քարտերի համակարգի ստեղծում եւ ազգային վճարաքարտերի թողարկում։ 2015-ից Visa-ի եւ MasterCard-ի բոլոր գործողություններն անցնում են ՎՔԱՀ-ով։ Այդ ժամանակ էլ մշակվեց «Միր» քարտը։

Այս թեմայով
am