Հայ և ղազախ պատգամավորները քննարկում են մինչև Ղազախստան բեռ հասցնելու և այնտեղից բերելու այլընտրանքային ուղիներ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները Նուր-Սուլթան կատարած այցի ընթացքում Սենատի բարեկամական խմբի հետ երկկողմ տնտեսական կարևորության մի շարք հարցեր են քննարկել: Հունիսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց բարեկամական խմբի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը:

«Սենատում մեր այցի վերջում եկել ենք կոնկրետ պայմանավորվածությունների առ այն, որ մենք պետք է ձևավորենք միջխորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովների միջև ձևաչափ, որի միջոցով կփորձենք զարգացնել մեր հարաբերությունները: Ղազախստանի հետ առևտրաշրջանառությունը շատ փոքր է, ընդամենը 16-17 մլն դոլար, և հիմնական պատճառը լոգիստիկ խնդիրն է, այսինքն՝ շատ թանկ է մինչև Ղազախստան բեռ հասցնելը կամ այնտեղից բերելը: Այստեղ երկու տարբերակ կա. մեկը, որպեսզի Ակտաուից լաստանավով գա դեպի իրանական նավահանգիստ, և հետո գա Հայաստան, և երկրորդը՝ Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղին է, որը պետք է կարողանանք օգտագործել»,- ասաց Մելքումյանը:

ԱԺ Հայ-ղազախական բարեկամական խումբը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան է այցելել մայիսի 21-24-ը:

Այս թեմայով
am