Շնորհակալ եմ, որ հիշում են հորս հիշատակը, որ դեռ հիշում են նրա խաղը․ Հենրիխ Մխիթարյան

Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի համայնքային մարզադաշտն այսօր անվանակոչվել է Հայաստանի ազգային ընտրանու ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հոր՝ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի անունով։

Սպանդարյանի մարզադաշտը 1980-ականներին է կառուցվել, իսկ անցած տարվա աշնանը վերանորոգվել է կառավարության միջոցներով։ Մարզադաշտը նոր հանդերձարան, ցանկապատ ու գույք ունի։ Մարզադաշտի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2016-ին՝ այն ժամանակ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի նախաձեռնությամբ, որը ծնունդով Շիրակի մարզի Սպանդարյան գյուղից է։

Արդեն վերանորոգված մարզադաշտը անվանակոչելու որոշում է կայացրել գյուղի ավագանին։ Մարզադաշտի վերաբացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Հենրիխ Մխիթարյանը, նրա մայրը՝ Մարինա Թաշչյանը, և քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը։ Սպանդարյանցիները նշել են, որ իրենց գյուղում դեռ հիշում են Համլետ Մխիթարյանի խաղերը։

«Շատ հաճելի է, որ այսպիսի նախաձեռնությամբ են հանդես եկել։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին։ Շատ պարտավորեցնող է, շատ շնորհակալ եմ, որ հիշում են հորս հիշատակը, որ դեռ հիշում են նրա խաղը։ Էմոցիաները շատ են, շատ զգացված եմ, մի քիչ էլ երևի հուզված։ Հույս ունեմ, որ այստեղ կլինեն շատ ֆուտբոլային հանդիպումներ, որ պրոֆեսիոնալ շատ ֆուտբոլիստներ դուրս կգան և մարզը կլինի սպորտային ու ֆուտբոլային»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։

Այս թեմայով
am