Վարչապետն ուզում է ունենալ ամբողջ իշխանությունը՝ գործադիրն ունի, օրենսդիրը ձևավորել է, հիմա ցանկանում է վերցնել դատական իշխանությունը. Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլի Փաշինյանը ցանկանում է ունենալ ամբողջ իշխանությունը, ոչ միայն գործադիրը: Այս մասին նա նշեց Tert.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ դատարանների ելումուտն արգելափակելու հետ կապված:

«Նա իր քիմքին համապատասխան ձևավորեց խորհրդարանը՝ օրենսդիր իշխանությունը, ժամանակ առ ժամանակ հարձակվում է մամուլի վրա՝ չորրորդ իշխանության վրա, հիմա էլ ցանկանում է իր իշխանության ներքո դարձնել դատական իշխանությունը»,-ասաց նա:

Ըստ Ենոքյանի՝ սա ճնշում է դատական համակարգի վրա, իսկ կոչն էլ քաղաքացիներին հանցագործության մղել է նշանակում:

Ինչ վերաբերում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացրած վիճակագրությանը, թե վարչապետի հորդորին հետևել է ընդամենը 1100 մարդ, ապա քաղաքապետը նկատեց՝ սա ցույց է տալիս, որ Փաշինյանի վարկանիշն այլևս այնպիսին չէ, ինչպիսին որ կար:

«Մեկ տարի է՝ անընդհատ ասում ենք հեղափոխություն, բայց երկրում ոչինչ չի փոխվել, մարդկանց կենսամակարդակը չի փոխվել: Նա 100 կետ նշեց, բայց այդ կետերի մեջ ոչ մի աշխարհացունց բան չկար, այսինքն՝ կետ, որ չէր անի օրինակ՝ Սերժ Սարգսյանի կամ Կարեն Կարապետյանի կառավարությունը»,-շեշտեց Աղասի Ենոքյանը:

Վերջինս հավելեց, որ կոռուպցիան էլ նոր ձևեր է գտնում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:

Այս թեմայով
am