Վեթթինգի հետ կապված լուրջ առարկություններ այս պահին չունեմ. Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգում «վիրահատական միջամտություններ անելու» մասին հայտարարությանը, և, մասնավորապես, վեթթինգին:

«Ինձ համար առավել քան անհասկանալի էր դատաիրավական փոփոխությունների ճանապարհային քարտեզը ներկայացնելու համար դատարաններն արգելափակելու, դատարանների աշխատանքը խոչընդոտելու ակցիան: Եթե խոսքը դատաիրավական բարեփոխումների իրավական ճանապարհի մասին է, ապա 15-20 հոգի ակտիվիստներով դատարանների գործունեությունն արգելափակելն անիմաստ էր, ավելին, դա իրենից ներկայացնում էր և սահմանադրության կոպիտ խախտում, նաև կատարված արարքներում իրավական խախտումներ կարելի էր արձանագրել: Ինչևէ, այդ ամենի արդյունքում վարչապետը ներկայացրեց հինգ պահանջներ, հինգ քայլեր, որ պետք է արվեն դատաիրավական համակարգում, որոնք էլի մտածելու տեղիք են տալիս»,- ասաց նա:

Վարդանյանը նշեց, որ վեթթինգին վերաբերող դրույթի հետ կապված՝ այս պահին լուրջ առարկություններ չունի, որովհետև վերջին հաշվով դատավորների վերաբերյալ ինֆորմացիան բավական հասանելի է՝ և կայքում է տեղադրվում, և հաշվետվություններ են ներկայացվում, և այլն, և եթե ուզում են լրացուցիչ տեղեկություններ, ապա իրավական ճանապարհով կարելի է դա կարգավորել: Ինչ վերաբերում է մնացած դրույթներին, օրինակ՝ անցումային արդարադատությանը, Վարդանյանը նշեց, որ նախկինում այդ մասին բազմիցս խոսել է, շարունակում է մնալ իր կարծիքին, որ ՀՀ-ում դա ավելի շատ խնդիրներ է առաջացնելու, քան լուծելու է:

«Եթե նպատակը հասարակության մեջ համերաշխության մթնոլորտ ստեղծելն է, ապա այսօր ձևավորված այս թշնամանքի, լարվածության մթնոլորտում դա ավելի շատ լարելու է եղած մթնոլորտը և ես չեմ կարծում, թե մենք կարողանալու ենք դրանով իսկապես տեսանելի արդյունքների հասնել»,- նշեց նա:

Խոսելով վիրահատական միջամտությունների հետևանքով կադրերի պակաս առաջանալու հնարավորության մասին՝ Վարդանյանն ասաց, որ իրականում այդ խնդիրն արդեն ակնհայտ է, դա ծագելու է նաև անցումային արդարադատության ներդրման պարագայում, որովհետև դա ենթադրում է որոշակի նոր մարմնի կամ մարմինների ստեղծում:

«Ես չգիտեմ՝ ինչ մոդելի են հակված այսօրվա իշխանությունները, բայց այդ մարմնի համար անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներ, որակավորում ունեցող մարդիկ, այս դեպքում ևս մենք կադրային լուրջ խնդիրներ ենք ունենալու, վերջին հաշվով՝ ես վստահ չեմ, որ այն ավելի շատ չի խորացնելու խնդիրները՝ լուծելու փոխարեն»,- ասաց Վարդանյանը:

Այս թեմայով
am