Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից. Ուղիղ

16։27

Դատարանի որոշումը դեռ չենք կարդացել, ընդամենը եզրափակիչ մասն ենք կարդացել։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք խափանման միջոցի փոփոխությունը նշանակում է, որ հիմնավոր կասկած չկա մեղադրանքի համար։ 

Ըստ նրա՝ արդեն այսօր Ռոբերտ Քոչարյանը կգիշերի տանը, հակառակ դեպքում կինի ապօրինի որոշում։ 

«Հայկ Ալումյանն ասում էր, որ քաղաքական ճնշման փորձ կա, թե ինչքանով է ազդել դատարանի վրա կամ չի ազդել, չեմ կարող ասել։ Մենք շարունակում ենք պնդել, որ կա ռիսկ արդարադատությանը խոչընդոտելու, մենք տեսնում ենք դա ամեն քայլի։ Ցանկանում են տեսնել պետության գործողություններն այս ռիսկը վերացնելու ուղղությամբ»,-ընդգծեց Արամ Օրբելյանը։

16:23

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի փոփոխումից հետո դատարանի դիմաց կրքերը լարվեցին։ Ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ցույց անողները շշեր նետեցին Քոչարյանի կողմնակիցների վրա։

16:07

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հետ դատական ակտը: Դատարանի որոշումը հրապարակեց գործը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Ռոբերտ  Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։ Որպես խափանման միջոց ընտրվեց անձնական երաշխավորվածությունը՝ ներկայացված Արցախի 2 նախագահների կողմից։ Այսպիսով՝ Քոչարյանն ազատվեց կալանքից:


15։50

Րոպեներ անց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կհրապարակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը։ Այս անգամ դատական նիստերին մասնակցելու է եկել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի  Լևոն Քոչարյանը, այլև ավագ որդի Սեդրակ Քոչարյանը։ 

Սեդրակ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում դեռևս որևէ դիրքորոշում չհայտնեց՝ նշելով, որ կխոսի դատական ակտի հրապարակումից հետո։

15:40

Երևանի ընդհանուր իրավասությանը դատարանի դիմաց իրավիճակը գնալով թեժանում է, քանի որ ցուցարարների թիվը գնալով մեծանում է։ Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի դեմ ակցիա իրականացնող ցուցարարներին նոր խմբեր միացան։

Ոստիկանության ծառայողները 2 խմբերի՝ Ռոբերտ Քոչարյանին դեմ և կողմ  արտահայտվողների միջև պատ են կազմել։ Ի դեպ, ոստիկանական ուժերը նույնպես ավելացել են։

ՀՀ 2-րդ նախագահի աջակիցների կողմում երաժշտության և «վուվուզելների» ձայնը գնալով բարձրանում է: Նրանք դա պատճառաբանում են հակառակ կողմի՝ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող վանկարկումները խլացնելու անհրաժեշտությամբ։

Դատական կարգադրիչներն արդեն սկսում են լրագրողներին թույլ տալ մտնել դատարան։

15։09


 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց շարունակվում է ՀՀ-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կողմ և դեմ քաղաքացիների բողոքի ակցիան։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության դեմ արտահայտվողները բերել են ստորագրություններով թերթիկ՝ պնդելով, որ սա դատարանի հարակից տարածքում գտնվող բնակիչների ստորագրություններ են, որոնք հաստատում են, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների աղմուկը խանգարում է իրենց։

Նշենք, որ այսօր ՀՀ 2-րդ նախագահին աջակցողներն իրենց հետ բերել են նաև բարձրախոսներ, բարձր ձայնով  երաժշտություն է հնչում, լսվում է նաև վուվուզելաների ձանը։ 

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարում են, որ այդ ստորագրություններն իրական չեն, քանի որ դատարանը բնակելի շենքերից հեռու է գտնվում։

Այս թեմայով
am