Երբ Արցախի նախկին և գործող նախագահները գալիս են դատարան, նստում մեղադրյալի կողքին, դա ճնշում չէ՞. Հայկ Սարգսյանի արձագանքը՝ Հայկ Ալումյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանին, որը հայտարարել էր, որ քաղաքացիներին ուղղված պատգամավորի կոչը՝ գալ դատարան և թույլ չտալ, որ դատավորը փոխի ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը, ուղղակի ճնշում է դատավորի վրա։ 

«Երբ մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները դատարանի շենքում և դատարանի դիմաց հարվածում ու հայհոյում են այլ կարծիք հայտնողներին դա ճնշում չէ՞։

Երբ Արցախի նախկին և գործող նախագահները գալիս են դատարան, նստում են մեղադրյալի կողքին՝ դա ճնշում չէ՞։

Իսկ երբ այս մասին այլ էջում տեղադրած գրառումով ես կիսվում եմ՝ դա ճնշում է՞»,– գրել է Հայկ Սարգսյանը։ 

Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ դիմել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին կոչ անելով «կատարել Սահմանադրությամբ Ձեր պարտականությունը՝ կատարել սահմանադրական կարգը»: 

«Իսկ այն, ինչ Հայկ Սարգսյանը հրապարակել է, ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ: Սա ճնշում է դատավորի վրա, որ դատավորը շարունակի կալանքի տակ պահել Ռ. Քոչարյանին: Հարգելի գլխավոր դատախազ, կոչ եմ անում ընդունել այս հայտարարությունը որպես հաղորդում հանցագործության մասին և քրեական գործ հարուցել այն փաստի առթիվ, որ ոմն անձ փորձ է կատարում ճնշում գործադրել դատարանի նկատմամբ՝ իրեն ցանկալի դատական ակտը ստանալու նպատակով»,– հայտարարել էր նա:

Այս թեմայով
am