Ժուռնալիստների միությունը դատապարտում է Գլխավոր դատախազության հայտարարությունը

Հայաստանի Ժուռնալիստների միությունն այսօր հայատարարությամբ է հանդես եկել՝ դատապարտելով ՀՀ գլխավոր դատախազության վերջին հայտարարություններից մեկը:

«Այսօր հրավիրած ասուլիսում քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, անդրադառնալով նախորդ օրերին տեղի ունեցած՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ընթացքում դատախազների ներկայացրած դիրքորոշումներին, ըստ էության շարունակելով պաշտպանական կողմի որդեգրած մարտավարությունը, դատավարական գործընթացից դուրս փորձել են տարատեսակ մանիպուլյատիվ հնարքներով, իրողությունների աղճատման և խեղաթյուրման դրսևորումներով խաղալ հանրային տրամադրությունների հետ՝ այդ կերպ, թերևս, փորձելով լղոզել 3 օր շարունակ դատարանում իրենց դիրքորոշումները ներկայացնելու պայմաններում սեփական փաստարկները հիմնավորել չկարողանալու իրողությունը:

Մասնավորապես, անհիմն որակումներ են հնչել դատախազության հասցեին,  անհեթեթ մեկնաբանություններ են տրվել դատական նիստերին ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությանը, համատեքստից կտրվել և յուրովի, խիստ սուբյեկտիվ մեկնաբանությունների են արժանացվել ՀՀ գլխավոր դատախազի, դատաքննությանը մասնակցող մյուս դատախազների արտահայտած մտքերը, դատավարությունից դուրս, դեռևս ապացույցները համակցության մեջ չհետազոտված լինելու պայմաններում հրապարակել են տեսանյութերի ֆրագմենտալ կտորներ: Այս կերպ, ըստ էության, օրինական հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանություն իրականացնելու իրավունքը պաշտպանների կողմից վերածվել է ապատեղեկատվություն տարածելու, կեղծիքի և մանիպուլյացիների միջոցով հանրությանը մոլորության մեջ գցելու պլանավորված գործըթնացի:
Ստիպված ենք փաստել, որ նման ընդհանրական գործելակերպը չի կարելի որակել այլ կերպ, քան գործընթացը իրավական շրջանակներից դուրս բերելու և հուզականության տիրույթ տեղափոխելու անընդունելի վարքագիծ, որը, բացի դատաքննության գործընթացը արժեզրկելուց, հղի է նաև հանրային տրամադրություններ բորբոքելու խիստ վտանգավոր հետևանքներով: Դրանք ոչ այլ ինչ են, քան դատարանի նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ուղղորդված ճնշումներ գործադրելու ձևեր:

Ստիպված ենք կրկնել և հիշեցնել նախօրեին դատական նիստերի դահլիճում դատավարության բոլոր մասնակիցներին ուղղված ՀՀ գլխավոր դատախազի կոչը դատական քննության ողջ ընթացքում կոռեկտություն դրսևորելու, գործընթացը բացառապես իրավական հունի մեջ պահելու անհրաժեշտության վերաբերյալ:

Ճնշումների նման մեխանիզմներին, դատախազությանը իրավական գործընթացի տրամաբանությունից դուրս որևէ դիսկուրսի մասնակից դարձնելու սքողված նպատակներին չենք տրվելու, իսկ մեղադրողները շարունակելու են օրենքի և իրավունքի դաշտում իրենց պարտականությունների անշեղ իրականացումը:

Դրանում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ՀՀ Գլխավոր դատախազության սույն հայտարարությունը՝ այն որակելով՝ որպես ուղղակի ճնշում մամուլի, խոսքի ազատության վրա, և կոչ է անում զերծ մնալ նման գործունեությունից և հայտարարություններից։

Ի գիտություն ՀՀ Գլխավոր դատախազության՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի Հոդված 4-ը հստակ սահմանում է Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները, ըստ որի՝

«Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա: Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հարկ ենք համարում նաև հիշեցնել, որ լրագրողների և Դատախազության հաղորդակցության ընթացքում՝ լրագրողների իրավունքների հիմնական երաշխիքները և դրանց կարևորությունն ընդգծվում է մի շարք միջազգային փաստաթղթերում։
Այսպես՝

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Եվրոպական դատախազների խորհրդատվական խորհրդի 9 (2014) կարծիքով՝ Հռոմի կանոնադրությամբ, նշվում է, որ դատախազների և մեդիայի հետ շփումներում պետք է հաշվի առնվեն տեղեկատվություն ստանալու և մամուլի ազատության իրավունքը։

Խորհրդի 8(2013) կարծիքի համաձայն՝

Դատախազությունը հատկապես զգուշավորություն պետք է դրսևորի խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի նկատմամբ։

«Մամուլի ազատությունը պետք է երաշխավորված լինի իրավական գործընթացների ժամանակ։ ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածի ներքո ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայի համաձայն՝ մամուլը պարտականություն ունի փոխանցել հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ և գաղափարներ, որն ընդգրկում է հանրության իրավունքը՝ ստանալ դրանք՝ դրանով հնարավորություն ընձեռելով մամուլին իրականացնել հանրային հսկիչի դերը։

Այս գործընթացում մեդիան պետք է ավելի պաշտպանված լինի, եթե իր ներդրումն ունի այնպիսի հարցերի քննարկմանը, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում։
Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի դատական իշխանության և դատախազական մարմինների հաղորդակցության ուղեցույցի (2018) համաձայն՝ լրագրողները պետք է դիտարկվեն՝ որպես գործընկերներ, ոչ թե թշնամիներ։
2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հայտարարությունը փորձ է՝ ճնշում գործադրել մամուլի ազատության վրա և հասարակության աչքերում լրատվամիջոցներին ներկայացնել՝ որպես հասարակական կարծիքը խեղող թշնամիներ։ Սա ուղղակի խոչընդոտ է մամուլի ազատ գործունեության համար։

Այդ պատճառով Հայաստանի ժուռնալիստների միությունը Հայաստանում լրագրողների առջև ծառացած խնդիրների հարցը բարձրացնելու է խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ խոսքի ազատության հարցերով ներկայացուցչի առջև։

Թվում է, թե զուտ իրավական գործընթացների գլխավոր դերակատարները պետք է կողմերը լինեն, իսկ ԶԼՄ-ները՝ զուտ այդ կողմերի տեսակետների, կարծիքների, հայտարարությունների ու միմյանց հակադարձումների` հասարակության լայն շրջանակներին հասանելիություն ապահովողները։

Սակայն, չգիտես ինչո՞ւ, ՀՀ Գլխավոր դատախազությունը, իր բուն անելիքը թողած, փորձում է նաև սահմանափակել լրատվամիջոցների ազատությունը, գրաքննության ենթարկել հրապարակումները։

ՀՀ Գլխավոր դատախազությունը, ըստ էության, շեղվել է Սահմանադրական իր առաքելությունից ու գործառույթների կատարումից և ներքաշվում է քաղաքական գործընթացների մեջ՝ այդ ընթացքում դառնալով քաղաքական գործընթացների կողմ»:

Այս թեմայով
am