«Արսենալի» ֆանատները կոլապսի են ենթարկում Բաքվին. Որն է ելքը…

Երեկ հայտնի դարձավ, որ Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները մտադիր են Բաքվում բողոքի ակցիա անցկացնել ի պաշտպանություն Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի: Մասնավորապես մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի ժամանակ բրիտանացի երկրպագուները պատրաստվում են Մխիթարյանի դեմքով դիմակներ կրել:

Թիմի ամենահայտնի ֆանատներից մեկը Canon Crested-ը Բաքվում Մխիթարյանի համար անվտանգության երաշխիքներ չտալու դեմ բողոքի կոչ է արել պատրաստել Մխիթարյանի դեմքով դիմակներ, դրանք բաժանել մարզադաշտում գտնվող 6 հազար երկրպագուներին և որ խաղի 7-րդ ու 77-րդ րոպեներին այդ 6 հազար երկրպագուները միաժամանակ ոտքի կանգնեն: Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Օլիմպիական մարզադաշտում, որտեղ «Արսենալը» կմրցի «Չելսիի» հետ: Որոշ լրատվամիջոցների համաձայն «Արսենալը» մտադիր է Մխիթարյանին չընդգրկել Եվրոպայի լիգայի եզրափակչի հայտացուցակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ակումբում կարծում են, որ Մխիթարյանի՝ Բաքվում մեկնելու շուրջ առաջացած աղմուկը կարող է ազդել մյուս խաղացողների վրա: Ֆանատների երեկվա հայտարարությունը և ակցիա անցկացնելու մտադրությունը ըստ էության կարող է կոլապսի ենթարկել թե Բաքվին, թե ՈւԵՖԱ-ին, որոնք մինչ օրս պատշաճ կերպով անվտանգության երաշխիքներ չեն ներկայացրել: Ի դեմս «Արսենալի» երկրպագուների՝ Բաքվի եզրափակիչն այլևս դադարում է զուտ ֆուտբոլային մրցավեճ լինելուց:

Պատկերացնում եք ինչ տեղի կունենա, եթե ծրագրված բողոքի ակցիան իրականություն դառնա: Վստահ ենք, որ հանդիպումից հետո հասարակությունը առաջին հերթին կխոսի ոչ թե գրանցված արդյունքի կամ հաղթող դարձած թիմի, այլ Մխիթարյանի շուրջ տեղի ունեցած իրադարձության մասին: Սա իրական նվեր կարող է դառնալ հայկական դիվանագիտությանը, ինչպես նաև ծանր հարված հասցնել հարևան երկրի հեղինակությանը: Երեկվա հայտարարությունը առաջին հերթին ազդակ էր Բաքվին և ՈւԵՖԱ-ին ստեղծված խնդիրը շուտափույթ կերպով կարգավորելու: Կարծում ենք Ադրբեջանի համար շատ ավելի նախընտրելի կլինի Մխիթարյանը ժամանի Բաքու դառնա ասենք հեթ-տրիկի հեղինակ, բարձրացնի հայկական եռագույնը, քան թե Օլիմպիական մարզադաշտում 6 հազար երկրպագուներ կրեն Հայաստանի ազգային հավաքականի ավագ դեմքով դիմակներ: Թեև բրիտանական մի քանի լրատվամիջոցներ գրում են, որ Մխիթարյանը չի մեկնի Բաքու, այնուամենայնիվ «Արսենալը» այս կապակցությամբ դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: The Guardian-ի աղբյուրի համաձայն՝ այս օրերին «Արսենալի» ղեկավարությունը ակտիվ բանակցություններ է վարում ՈՒԵՖԱ-ի հետ, սակայն անգլիական կողմը թերահավատ է, որ ֆուտբոլային կառույցի կողմից անհրաժեշտ երաշխիքներ կտրվեն: Նշվում է նաև, որ «Արսենալի» գլխավոր մարզիչն ու ֆուտբոլիստները ընկճված են, որ քաղաքական խնդրի պատճառով թիմի առանցքային ֆուտբոլիստը կարող է բաց թողնել մրցաշրջանի գլխավոր հանդիպումը:

«Արսենալում» կարծում են, որ առանց Մխիթարյանի թիմի հարձակման գիծը անատամ տեսք կունենա Բաքվում: ՈՒԵՖԱ-ն մինչև գալիք շաբաթվա սկիզբը ստիպված է լինելու պաշտոնապես պատասխանել է «Արսենալին», քանզի սկսվելու է մրցավայր մեկնելու գործընթաց: Երկրպագուների երեկվա հայտարարությունից հետո մեր հայրենակիցների շրջանում արդեն իսկ խոսվում է այն մասին, որ ավելի լավ կլինի Մխիթարյանը չմեկնի Բաքու, ինչի արդյունքում ֆանատները կիրականացնեն հզոր ակցիան: Ինչ-խոսք ակցիան հզոր ռեզոնանս կառաջացնի ամբողջ աշխարհում, բայց կարծում ենք շատ ավելի լավ կլինի, որ մեր հավաքականի ավագը այնուամենայնիվ մեկնի Բաքու և մասնակցի կարևորագույն հանդիպմանը: Ստեղծված իրավիճակում ելքը մեկն է, ՈւԵՖԱ-ն և Բաքուն պետք է արագ կերպով լուծեն խնդիրը: Առաջին հերթին պետք է խնդրին նայել մարզական տեսանկյունից:

Ցանկացած ֆուտբոլիստի երազանքն է մասնակցել նման մակարդակի հանդիպմանը: Մխիթարյանն արդեն իսկ նվաճել է Եվրոպա լիգայի գավաթը և կա հնարավորություն կրկնելու հաջողությունը և բացառիկ արդյունք գրանցել մասնավորապես հայկական ֆուտբոլի համար: Եվ որ ամենակարևորն է ամեն գտնով պետք է ֆուտբոլը զերծ պահել քաղաքականությունից:

Այս թեմայով
am