« Սա ի՞նչ է քմահաճույք, քաղաքական պատվեր, թե՞…»

Երեկ՝ մայիսի 17 –ին Ծաղկաձորում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հրավիրել էր մամուլի ասուլիս նվիրված Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին: Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ երեկ շրջանառության մեջ դրված օրենքի նախագծին՝ նվազագույն աշխատավարձը դարձնելու 65.000 դր: ՀԱՄԿ նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը այս մասին մասնավորապես ասաց, - «Իսկ ինչու՞ հենց այդքան: Սա ի՞նչ է քմահաճույք, քաղաքական պատվեր, թե՞… : Իրականում դա պետք է կարգավորվի օրենքով՝ սահմանելով աշխատավարձի նվազագույն այն շեմը, որը կբավարարի տվյալ աշխատողի և նրա ընտանիքի անդամների հիմնական պահանջմունքները, իսկ դա ամբողջ աշխարհում հաշվարկվում է կենսաապահովման նվազագույն զամբյուղի հիման վրա: Այսինքն, աշխատանքի վարձատրությունը հիմնված է նվազագույն աշխատավարձի վրա, որն էլ իր հերթին՝ սպառողական զամբյուղի, իրացնելու մարդու կյանքի իրավունքը: Այսինքն, նվազագույն աշխատավարձի վերանայումը պետք է իր մեջ ներառի այս կամ գոնե որևէ այլ մեխանիզմ: Այնինչ, Հայաստանի վիճակագրական կոմիտեն երկու տարբեր թիվ ունեցող սպառողական զամբյուղ է հրապարակում, դրանք հաշվարկված են ՀՀ ԱՆ և Համաշխարհային Բանկի մեթոդաբանությամբ, սակայն որևէ իրավաբանական ակտով հաստատված չեն»: Հիշեցնենք, որ նման մեխանիզմի կիրառումը հնարավորություն է տալիս ինդեքսավորում իրականացնելով հետագայում ազդեցություն ունենալ գնաճի վրա, կոպիտ օրինակով ասենք՝ գործատուն բարձրացնելով իր ապրանքի գինը պարտավորվելու է բարձրացնել նաև աշխատավարձը: «Իսկ այսօրվա դրությամբ նվազագույն աշխատավարձը 55.000 դրամ է, որը ըստ միջազգային կոնվենցիաների պետք է իր մեջ ներառի մեխանիզմ ու մշտապես վերանայվի, այնինչ դա մեզ մոտ չի արվում անտեսելով նույնիսկ մեր ՀՀ օրենքները՝ կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեյի մաին, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով աշխատավարձի ինդեքսավորման դրույթի մասին»,- ավարտեց իր միտքը բանախոսը:

Հեղինակ՝ Կարինե Սահակյան

Այս թեմայով
am