Այսօր Թանգարանային գիշերն է

Այսօր երեկոյան սիրելի ու սպասված Թանգարանային գիշերն է: Ամեն տարի հենց այս օրը դառնում է իսկական տոն արվեստասերների և թանգարանների կողքից պատահաբար անցնողների համար:

Մշակութային այս միջոցառումն ամբողջ աշխարհում հայտնի է: Իսկ ամեն ինչ սկսվեց մոտ 40 տարի առաջ, երբ ֆրանսիական թանգարանների նախաձեռնությամբ մայիսի 18-ը հռչակվեց թագարանների միջազգային օր: Այդ օրը թանգարանները և մշակութային հաստատությունները բաց են մնում մինչև ուշ գիշեր, ինչպես նաև հատուկ այդ օրվա համար կազմակերպում են միջոցառումներ, ներկայացնում են հատուկ հավաքածուներ և այլն:

Հայաստանը Թանգարանային գիշեր միջոցառումն իրականացնում է  արդեն 16 տարի, իսկ Արցախը՝ 7 տարի: Սա շատ լավ առիթ է՝ ներկայիս գերզբաղված առօրյայում մարդկանց ու արվեստը մեկ խաչմերուկում հանդիպեցնելու համար:

Թանգարանների աշխատակիցները բազմիցս նշել են, որ միջոցառման օրերին ռեկորդային թվով այցելուներ են ունենում, ինչը, իհարկե, իրենց աշխատանքային գործունեության համար իրական մարտհրավեր է դառնում , բայց այդ ամենից զատ, բարձր մակարդակի մշակութային տոն է, որի նպատակն է ճաշակ թելադրելն ու կրթելը:

Նշենք, որ Մշակույթի նախարարությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրել են, որ անցած տարի Թանգարանային գիշերին մասնակցել է 116 թանգարան, որից 13-ը՝ Արցախից: Ընդհանուր առմամբ եղել է 160 151 այցելու:

 

Այս թեմայով
am