«Պետք է հաշվի առնել աշխատողի գնողունակությունը, այսինքն այն, թե որքան է մնում աշխատողի մոտ, այլ ոչ թե որքան է պահվում նրա աշխատավարձից ».Բորիս Խարատյան

Արժանապատիվ աշխատանքը մինչև վերջերս մեզ՝ Հայաստանի քաղաքացիներիս համար լոկ երազանք էր, որը սակայն այս օրերին ունի ծրագիր դառնալու տեսլական նաև մեզ մոտ: Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության այն արժանապատիվ աշխատավարձի, արժանապատիվ աշխատանքային պայմանների, այդ պայմանների ձևավորման և իրականացման հարցում պետության դերակատարման և գործատուների ու արհմիությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի առկայության ներդաշնակ ամբողջությունն է: Մինչդեռ, աշխատանքի ոլորտում իրականում մեր առաջնահերթ խնդիրը աշխատավարձն է: Այն առանց պահումների միջինը 180.000 դրամ է, ի դեպ, մեր աշխատավորների մոտ 70 տոկոսը ստանում է ցածր՝ 150.000 դրամ աշխատավարձ : Իսկ նվազագույն աշխատավարձը 55.000 դրամ է, որը ըստ միջազգային կոնվենցիաների պետք է ինդեքսավորվի և իր մեջ ներառի մեխանիզմ ու մշտապես վերանայվի, այնինչ դա մեզ մոտ չի արվում անտեսելով նույնիսկ կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեյի մասին ՀՀ օրենքները, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում աշխատավարձի ինդեքսավորման մասին դրույթը:

«Այս բացերի պատճառով է, որ հանրապետությունում մենք ունենք աշխատող աղքատներ», -ասում է ՀԱՄԿ նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը: Երկրորդ՝ չունենք աշխատանքի տեսչություն կամ դրան լիարժեք փոխարինող որևէ այլ կառույց, այդ թվում է գործող առողջապահական պետական տեսչությունը: Բանն այն է, որ ըստ էության տեսչական մարմինը ոչ թե պետք է պաշտպանի աշխատողի իրավունքները, այլ սահմանի հսկողություն և վերահսկողություն հիմնականում գործատուի կողմից իրականացվող աշխատանքային նորմերի կիրառման նկատմամբ: Ահա թե ինչու տեսչությունը պետք է կրթի գործատուներին, այլ ոչ թե միայն կիրառի պատժամիջոցներ: ՀԱՄԿ նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը այս առումով ներկայացրեց օրինակ, որ գործատուների մի ստվար զանգված նույնիսկ չէր գիտակցում, որ մայրությանը օժանդակող վճարներից պետք չէ խուսափել, քանի որ դրանք հետագայում վերադառնում են իրենց ՀՀ պետական բյուջեյից: Նրա խոսքերով, տեսչության հիմնական խնդիրը դժբախտ պատահարների կանխարգելումն է, ուստի այն պետք է իրավունք ունենա այցելել ցանկացած պահի և ցանկացած գործատուի, հսկելու ու վերահսկելու առկա աշխատանքային պայմանները: Իրականում առավել հաճախ մեր արհմիություններին դիմում են այդ դեպքերի փոխհատուցման համար, որին կարող է օգնել ապահովագրությունը: Իսկ ներկայումս հիմնականում վնասակար աշխատանքների դեպքում աշխատողին առաջարկվում է հավելավճար, զուգակցված ավելի ցածր աշխատավարձով: Երրորդ՝ ամբողջ աշխարհում արհմիություններն ունեն ազդեցության երկու գործիք՝ բանակցություններ վարելով կնքել երաշխիքներ ու արտոնություններ տվող կոլեկտիվ պայմանագիր և կազմակերպել գործադուլ: Մինչդեռ, Հայաստանում գործադուլի իրավունքը սահմանադրական է, սակայն դրա կիրառումը գործնականում այնքան դժվար է, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան և նույնիսկ Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետները գրավոր դիմել են ՀՀ Կառավարությանը վերանայելու և պարզեցնելու այդ իրավունքի իրականացման մեխանիզմը: Լրագորղների այն հարցին, թե վերջերս նորաձև դարձած գործադուլերը հատկապես կրթական հաստատություններում ինչպե՞ս են լուծում խնդիրները, բանախոսը պատասխանեց,- «Իրավական ուժ ունեցող գործադուլներ կարող են արվել միայն արհմիությունների միջոցով, մնացածը որևէ նորմատիվի չի համապատասխանում»:

«Ինչ վերաբերում է հարկային բարեփոխումներից համահարթեցման սկզբունքով աղքատության հաղթահարմանը, ապա միջազգային փորձի ուսումնասիրությունից մենք հանգել ենք միասնական մեկ կարծիքի, որը ներկայացրել ենք ՀՀ ԱԺ նախագահին մեր գրավոր անհամաձայնությամբ: Քանզի պետք է հաշվի առնել աշխատողի գնողունակությունը, այսինքն, թե որքան է մնում աշխատողի մոտ, այլ ոչ թե որքան է պահվում նրա աշխատավարձից»,- իր խոսքում շեշտեց պարոն Խարատյանը:

Հիշեցնենք, որ կոլեկտիվ աշխատանքային իրավունքի պաշտպանը արհմիությունն է, սակայն հիմնական դերակատարը՝ պետությունը, ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պետությունն է ապահովում աշխատանքային իրավունքների իրականացումը: Ուստի, աշխատավորները կարող են միավորվել ու ստեղծել արհմիություններ, կամ անդամակցել առկաներին օրենքի սահմաններում իրենց խնդիրների լուծման նպատակով: Իսկ այսօր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կազմում գործում է 19 ճյուղային հանրապետական միություն, դրանցում ընդգրկված է 641 արհմիութենական կազմակերպություն 191.098 անդամով: Տեղեկությունները ստացել ենք Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայից մայիսի 16 -17-ը Ծաղկաձորում անցկացված սեմինարպարապմունքի ընթացքում, որը նախատեսված էր լրագրողների համար ու նվիրված էր Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին:

hamk.am

Հեղինակ Կարինե Սահակյան

Այս թեմայով
am